ՀՀ տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Գյումրիում ներկայացրեց ՔՊ «իդեան»՝ ինչպես ազատվել գյուղապետերից, ովքեր ընտրվել են նախկին իշխանությունների օրոք: Իհարկե Պապիկյանն ասաց, որ դա ընդամենը իր գաղափարն է, եւ դեռ քննարկումներ պետք է անցնի, բայց դա կօգնի, որ Պապիկյանը չասի գյուղապետերին՝ «դիմումդ գրի գնա»:
Խոսքը համընդհանուր ընտրական համամասնական համակարգի անցման մասին է՝ այդ թվում փոքր համայնքներում:
«Ինձ որպես տարածքային կառավարման նախարար հարցնում են, թե ինչու ես չեմ ազատվում հին գյուղապետերից, բայց ես հո չեմ կարող կանչել համայնքապետին ու ասել՝ դիմումդ գրի գնա: Այսինքն, ես իմ պաշտոնական լիազորությունները շրջանցելով՝ չեմ կարող նման քայլի գնալ, բայց նաեւ որպես հեղափոխական քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ»,-ասաց Սուրեն Պապիկյանը:
Ապա հավելեց, որ պարտավոր է ապահովել նաեւ հնարավորություն, որ հանրությունն ինքը որոշի, թե ով է լինելու իր համայնքապետը:
«Նախկին իշխանությունները ՏԻՄ-երին լայն լիազորություններ են տվել: Աշխարհի շատ զարգացած երկրներում կա համայնքապետի հետկանչման մեխանիզմ, մեր երկրում չկա: Դա իրավական կազուս է: Չեմ ուզում մենք վատ սցենարով գնանաք, որ դա անում ենք, որ համայնքապետերը հեռանան, այնուամենայնիվ մենք հնարավորություն ենք ստեղծում, որ չկանգնենք կազուսի առաջ»:
Սուրեն Պապիկյանն անուղղակի հիշատակեց Մարալիկի ՀՀԿ-ական քաղաքապետին՝ Արտակ Գեւորգյանին, ով արդեն տարի ու կես է՝ չի հեռանում քաղաքապետի պաշտոնից:
«Մենք դեպքեր ունենք, որ համայնքը մեկ տարի տարի ու կես շարունակ չի գործում, որովհետեւ համայնքապետը համառ է, կամ էլ համայնքի բնակիչները ճիշտ չեն ներկայացնում իրավիճակը, իրենք են համառ: Արդյունքում տուժում է քաղաքացին, ով ուզում է իր համայնքում հանգիստ ապրել: Մենք պարտավո՞ր ենք մարդու բնականոն գործունեությունն ապահովել, պարտավո՛ր ենք, պարտավոր ենք ստեղծել նաեւ իրավական մեխանիզմներ , այսինքն այդ պարտավորությունը կատարելու համար, չպիտի ես կանչեմ համայնքապետին, ասեմ՝ դիմում գրի գնա»:
Irakanum.am