Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունից հետո հասարակական որոշ շրջանակներ արդեն իսկ հասցրել են Խաչատրյանի ձերբակալությունը անվանել շոու, որի նպատակն է շեղել հասարակության ուշադրությունը Ամուլսարի խնդրից։ Մամուլը գրում է՝ ըստ հասարակական այդ շրջանակների՝ Խաչատրյանը առաջիկայում ազատ կարձակվի, երբ հասարակական լարումը թուլանա։
Անդրադառնալով այս թեմային՝ Irakanum.am-ի հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշեց․ «Համաձայն եմ, որ դա շոու էր, որը իշխանություները կիրառում են շատ վաղուց։ Հետհեղափոխական Հայաստանում առաջին ձերբակալություններն իրականում ժողովրդին համոզելու համար էին, որ Փաշինյաննն պայքարելու է նախկին ռեժիմի ներկայացոիցիչների դեմ և փորձում էին արդարություն հաստատել՝ մեխանիկորեն այդ ձերբակալություններով հասարակության մեջ բարձրացնելով իրենց վարկանիշը։ Հիմա այդ ձերակալություններն այլ նպատակ ունեն․ գլխավոր նպատակը կոնկրետ, իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելն է, իսկ իրական խնդիրներից ամենակարևորն այս պահին Ամուլսարի հանքի շահագործման հարցն է, որն իշխանության ներսում ևս տարաձայնությունների առիթ է տվել, իսկ երկրորդ խնդիրն, ըստ իս, կեղծ օրակարգ էր․ դա Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման հարցն էր, որը ևս հասարակության ուշադրությունը շեղելու մեթոդ էր, և այն բավական մեծ աղմուկ բարձրացրեց, ինչին շատ դեպքերում չէր սպասում Փաշինյանի թիմակիցների այսպես ասած՝ սորոսական հատվածը»։
Գագիկ Համբարյանն ընդգծեց՝ իշխանությունները բավական թեժ ամառ ունեցան, իսկ հիմա թևակոխում են թեժ աշուն։
«Պատահական չէ, որ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունից մեկ օր առաջ որոշում ընդունվեց, որ պետք է ԱԺ-ում մեկ տարով հետաձգվի Ստամբուլյան կոնվենցիայի քննարկման հարցը․ այդ մասին ասաց արտարադատության նախարար պարոն Բադասյանը։ Իսկ Ամուլսարի հանքի հետ կապված՝ քննարկումները շարունակվում են։
Այո՛, ես ինքս կարծում եմ՝ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունը նպատակ ուներ որոշ ժամանակով շեղել հասարակության ուշադրութունը իրական խնդիրներից և Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունով որոշ չափով լցնել նաև պետական գանձարանը։ Շատ հետաքրքիր է, որ պարոն Փաշինյանը, երբ ընդդիմադիր գործիչ էր, իր գրեթե բոլոր ելույթներում հիշատակում էր Գագիկ Խարատրյանի անունը՝ որպես ամենակոռումպացված գործիչ Սերժ Սարգսյանի թիմում, բայց այս 1 տարի, 4 ամսում նա մոռացել էր Գագիկ Խաչատրյանի մասին, իսկ երբ հասարակության ուշադրությունը սևեռված էր Ամուլսարի խնդրն, հիշեցին, որ կա Գագիկ Խաչատրյան անունով մեկը, որը բազմաթիվ հանցագործություններ է կատարել և իրականացրին այս օպրացիան», - նշեց Գագիկ Համբարյանը։
Հարցին՝ կարծում եք՝ առաջիկայում Գագիկ Խաչատրյանն ազատության մե՞ջ կլինի, Գագիկ Համբարյանը պատասխանեց․ «Իհարկե։ Իսկ եթե Գագիկ Խաչատրյանը տա այն գումարը, որը պահանջում է իշխանությունը, ապա ազատության մեջ կլինի, իսկ եթե չտա կամ կիսով չափ տա, ինչ-որ ժամանակ կպահեն անազատության մեջ։
Իսկ երբ հասարակության ուշադրությունն արդեն բթացած կլինի Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, արդեն ազատ կարձակեն»։
Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունից հետո մամուլում լուրեր են շրջանառվում նաև այն մասին, որ Խաչատրյանը կպայմանավորվի այս իշխանության հետ ու վճարելով իր ազատության դիմաց՝ շուտով կհայտնվի ազատության մեջ։
Մասնավորապես, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանը, նշել էր․ «Գագիկ Խաչատրյանի հետ կապված՝ դեռևս հեղափոխության սկզբից էլ խոսակցություններ կային: Հասկանալի է, որ այն ժամանակ համաձայնություններ են ձեռք բերել իշխանությունը, իսկ համաձայնություններն էլ հենց այնպես չեն կայանում:
Համոզված եմ, որ կրկին համաձայնության կգան, որովհետև Նիկոլ Փաշինյանի մոտ շատ լավ է ստացվում նախկին իշխանությունների ժամանակ հարստացած մարդկանց հետ լեզու գտնելու գործընթացը: Ըստ օդում կախված լուրերի՝ ում ինքը և ԱԱԾ-ն հանգիստ են թողել, ուրեմն գործարք է տեղի ունեցել, բյուջե վերադարձ է արվել, բայց ասում են՝ մուծվել են նաև սև դրամարկղ»։
Գագիկ Համբարյանն անդրադառնալով վերոնշյալ դիտարկամը, թե որոշ գումարներ կարող են նաև այսպես ասած՝ «սև դրամարկղ» մտնել, նշեց․ «Ես չեմ կարող ասել՝ սև գանձարան են գնում գումարները կամ «մուծվում են», բայց այն, որ շատ օլիգարխներ, որոնց Փաշինյանը ընդդիմադիր քաղաքական գործիչ լինելու ժամանակ մեղադրում էր հանցագործությունների մեջ՝ մենաշնորհներ ունենալու, նախկին իշխանությունների հետ համագործակցելու, ատկատներ անելու մեջ, հիմա այդ նույն օլիգարխները մուծվում են Աննա Հակոբյանի հիմնադրամներին․ դա բացարձակ ոչ մեկի համար նորություն չէ, և ասվածը հիմնականում վերաբերում է խոշոր առևտրային ցանցերի տերերին, և այդ տեղեկատվությունն էլ բացարձակ փակ չէ։
Պարոն Փաշինյանը, գոնե երկու ցանցերի տերերի անունը տալով, նրանց մեղադրում էր, ասում էր՝ երբ Սերժ Սարգսյանը ձեռքը բարձրացնում է, նրանք փող էին տալիս նրան, ու այդ ցանցերի տերերին տարբեր այլ հանցագործությունների մեջ էր մեղադրում․ անմեղության կանխավարկածը չխախտելով՝ չեմ ուզում այդ մարդկանց անունները տալ։ Իսկ հիմա կրկնում եմ՝ այդ նույն անձինք մուծվում են Աննա Հակոբյանի բարեգործական երկու հիմնադրամներին։
Սև գանձարանների հետ կապված՝ ոչինչ չեմ կարող ասել, բայց այն, որ օլիգարխները ակտիվ ներդրումներ ունեն այդ երկու բարեգործական հիմնադրամներում, դա փաստ է, ու ոչ ոք այդ տեղեկությունը հերքել չի կարող»։