00:00:00

«Իմ քայլ»-ում դժկամություն կա՞ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարողների նկատմամբ

21:35, 27 օգոստոս 2019

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կառավարության գրեթե բոլոր անդամները շաբաթ օրը ներկա են եղել Ծաղկաձորում վարչապետի գլխավորությամբ անցկացված քննարկմանը, այդ թվում՝ ու­ժային կառույցների ղեկավարներ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Իսկ, ահա, Ազգային ժողովի պատգամավորներից հանդիպմանը ներկա են եղել տարբեր հանձնաժողով­ների նախագահներ ու անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ: Հանդիպման ժամանակ հիմնականում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ու գլխավոր թեման եղել է Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված լարված իրավիճակը: Irakanum.am-ի թղթակիցը զրուցեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի հետ՝ փորձելով պարզել մամուլում հայտնված այն տեղեկույան իսկությունը, թե Ծաղկաձորում տեղի ունեցած հանդիպման ընթացքում Փաշինյանը փորձել է ներկաներից պարզել իրենց տրամադրվածությունները ու բացահայտ խոսել է այն մասին, որ հանքի շահագործման հարցում ինքը միայնակ է մնացել, ավելին՝ Ն. Փաշինյանը հայտարարել է, որ շատ դժգոհ է «Իմ քայլը» խմբակցու­թյան պատգամավորների աշխատանքից, ովքեր այս ժամանակահատվածում որևէ քայլ չարեցին այդ հարցում Կառավարության դիրքորոշմանն աջակցելու համար։ Վարչապետի մամուլի քարտուղարը նշեց՝ մասնակցել է վերոնշյալ հանդիպմանը և հերքում է վերը նշված տեղեկությունը։ Հարցին՝ իսկ «Իմ քայլ»-ում լարվածություն, դժկամություն կա՞ այն քաղաքական գործիչների նկատմամբ, որոնք չեն թաքցնում, որ դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը, Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց․ «Այս հարցի հետ կապված՝ կարող եք դիմել խմբակցությանը, իսկ ինչ վերաբերում է վարչապետին, կարող եմ ասել՝ ինքը վարել է խորհրդակցությունը, մթնոլորտը եղել է աշխատանքային և բարեկամական»։ Մեր թղթակիցը զրուցեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի հետ, որը բազմիցս նշել է՝ դեմ է Ամուլսարի հանքի շահագործմանը։ «Ես որևէ մեկի կողմից լարվածություն չեմ նկատել և ոչ էլ պատկերացնում եմ, որ կարող է լինել։ Եթե անգամ ինչ-որ լարվածություն լինի, վստահ եմ՝ դա կլինի ոչ թե վարչապետի կողմից, այլ երևի թե այն մարդկանց կողմմից, որոնք համարում են, որ իրենք ավելի շատ են այս երկրի համար ջանք ու եռանդ թափել, քան իրականում գործող մարդիկ։ Վարչապետի կողմից ինձ ուղղված լարվածություն անձանբ ես չեմ զգացել», - ասաց Սոֆիա Հովսեփյանը։ Մեր թղթակցի դիտարկմանը, թե մամուլը գրում է՝ Ծաղկաձորում վարչապետը խոսել է այն մասին, որ հանքի շահագործման հարցում ինքը միայնակ է մնացել և հայտարարել է, որ շատ դժգոհ է «Իմ քայլը» խմբակցու­թյան պատգամավորների աշխատանքից, ովքեր այս ժամանակահատվածում որևէ քայլ չարեցին այդ հարցում Կառավարության դիրքորոշմանն աջակցելու համար, Սոֆիա Հովսեփյանը պատասխանեց․ «Ծաղկաձորում ընթացած հանդիպման բովանդակությունը չգիտեմ, քանի որ գիտեմ՝ դա եղել է Կառավարության անդամների և հանձնաժողովի նախագահների հետ հանդիպում․ դրա մասին մամուլից եմ տեղեկացել, իսկ Ձեր նշած մյուս մանրամասների մասին ուղղակի չգիտեմ՝ ինչ ասել։ Համենայն դեպս, նման վերաբերմունք իմ հանդեպ ընդհանրապես չի եղել»։ Հարցին՝ հնարավո՞ր է առաջիկայում Ձեզ տեսնենք Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ կազմակերպվող ակցիաներում՝ քաղաքացիների կողքին, Սոֆիա Հովսեփյանը պատասխանեց․ «Այն ժամանակ, երբ կարիք կլինի ու խնդիր կառաջանա, այսինքն՝ երբ կփորձեն ինչ-որ լարված իրավիճակ ստեղծել ակտիվիստների նկատմաբ կամ նման բաներ, այդ ժամանակ, իհարկե, կլինեմ այնտեղ»։ Ա․ Զոհրաբյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր