SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավարի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկանության Լոռու մարզային վարչության և քննչական վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ հսկայածավալ գործողությունների արդյունքում Վանաձոր քաղաքում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Վանաձոր քաղաքի բնակիչ, 58-ամյա Մարտին Ա.-ն: Լոռու մարզի ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 14-ին կրակոցներ էին հնչել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Արդարադատության գնդապետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: