Այսօր՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։05-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանում՝ Չեխով և Հովսեփյան փողոցների խաչմերուկում, բախվել են Mercedes E320 մակնիշի 43 NN 303 համարանիշի և Opel մակնիշի 35 TD 931 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարներն ու Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։