00:00:00

«Առավոտ». Բոլշևիկյան մոտեցումը հեղափոխության կամ ներկա իշխանության գովազդի հաջող ձև չէ, ավելին՝ դա նաև խանգարում է գնահատել այն դրականը, ինչ արվում է հիմա

13:32, 15 օգոստոս 2019 Մամուլ

«Վերջերս բանավեճ էր ծավալվել կառավարության որոշման շուրջ՝ Մարզահամերգային համա­լիրի մոտ կանգնեցնել Խորհրդային Հայաստանի ղեկավարներից մեկի՝ Կարեն Դեմիրճյանի արձանը: Դրա դեմ հանդես եկողները բերում են հետևյալ փաստարկները. 1/ Դեմիրճյանի ժամանակ ծաղկում էր կաշառակերությունը, 2/ նա դեմ էր Հայաստանի անկախությանը: Առաջին պնդումն ինքնին ճիշտ է: 1974-88 թվականների Հայաստանում կուսակցական և պետական ապարատի չինովնիկները (հատկապես առևտրի և իրավապահ ոլորտի), ինչպես նաև կիսաօրինական ձեռներեցները («ցեխավիկները») մի քանի անգամ ավելի շքեղ կյանք էին վարում, քան մարդիկ, ովքեր ապրում էին «չոր աշխատա­վարձով»՝ թեկուզ շատ բարձր: Սակայն այդպես էր նաև մինչև 1974 թվականը, երբ Կարեն Դեմիրճյանը նշանակվեց Կենտկոմի առաջին քարտուղար: Այդպես էր նաև խորհրդային մյուս հանրապետու­թյուններում, և, մասնավորապես, այդ արատներն ավելի ցայտուն էին արտահայտված Վրաստանում և Ադրբեջանում: Ինչ մնում է անկախության հարցին, ապա այդ հրաշալի նպատակով ապրում էին մի քանի տասնյակ նվիրյալներ (փառք ու պատիվ նրանց), իսկ մնացած քաղաքացիներիս մտքով անգամ նման բան չէր անցնում: Կարեն Դեմիրճյանն այն ղեկավարներից էր, որն իր հեռատեսությամբ, հայ­րենասիրությամբ, կազմակերպչական տաղանդով նպաստել է մեր երկրի շենացմանն ու հզորացմա­նը: Այնպես որ, կառավարությունը, իմ կարծիքով, ճիշտ է վարվել՝ որոշելով կանգնեցնել Դեմիրճյանի արձանը: Մնում է, որ նույն կառավարությունը նույնքան սառնասիրտ և իմաստուն լինի՝ ավելի մոտ անցյալը գնահատելիս: Այս հարցում, սակայն, առայժմ գերիշխում են էմոցիաները, պոպուլիզմը և քարոզչական մոտեցումները:
Իհարկե, անցյալում կատարվել են բազմաթիվ սխալներ և հանցագործություններ, և շատ ցան­կալի է, որ բոլոր օրինախախտները կանգնեն դա­տարանի առջև: Բայց դա չի կարող խանգարել մեզ պետական մոտեցում ցուցաբերել մեր պատ­մության բոլոր փուլերի հանդեպ: Թե չէ երբեմն ստացվում է, որ 27 տարի ճանապարհ չի կառուց­վել և միայն հիմա է կառուցվում, 27 տարի աղե­տի գոտում մարդիկ բնակարաններ չեն ստացել, իսկ հիմա ստանում են, 27 տարի մեր բանակը զենք չի ձեռք բերել և միայն հիմա է դա անում: Այդպիսի բոլշևիկյան մոտեցումը հեղափոխության կամ ներկա իշխանության գովազդի հաջող ձև չի, ավելին՝ դա նաև խանգարում է գնահատել այն դրականը, ինչ արվում է հիմա: Որովհետև մտա­վախություն կա, որ նման մոտեցում կցուցաբերի նաև հաջորդ իշխանությունը»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր