00:00:00

Իջևանում իրավիճակը հանդարտ է, 67 հոգի արդեն նոր աշխատանք ունի․ Տավուշի մարզպետ

21:12, 12 օգոստոս 2019 Տնտեսություն

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը վստահեցնում է՝ Իջևանում իրավիճակը հանդարտ է, ծառահատումների հետ կապված՝ բողոքի գործողությունների վերսկսման հավանականություն չկա։ Այս մասին Տավուշի մարզպետը նշեց irakanum.am-ի թղթակցի հետ զրույցում։ «Իրավիճակը լիարժեք հանդարտ է։  Այդ  իրադարձություններին հաջորդող երկրորդ, երրորդ օրերից սկսած՝  հանդարտվեց, ավելին՝ վերջին օրերին մեր հետևողականության շնորհիվ էապետ իջեցրել ենք ծառահատումների ու փայտանյութի արտահանման ծավալները», -  նշեց Տավուշի մարզպետը՝ ընդգծելով՝  այժմ  ծառահատումները իրականացվում են   օրենքով սահմանված կարգով՝  հատկացված հատատեղերից։ Հայկ Չոբանյանը նշեց՝ շաբաթ և կիրակի օրերի հետ կապված՝ դեռևս տեղեկություն չի ստացել, իսկ ուրբաթ օրը ընդամենը 5 բեռնատառ փայտանյութ է  եղել, այն դեպքում, երբ ընդամենը մեկ ամիս առաջ այդ թիվը  100-ից ավելի էր։ Ինչպես հայտնի է, Իջևանում տեղի ունեցող  բողոքի գործողությունների ժամանակ քաղաքացիները հայտարարում էին՝ աշխատանք  չունեն, և ծառահատումներ  իրականացնելն  իրենց համար ընտանիքը պահելու միջոց է։ Այնուհետև  Տավուշի մարզպետը հայտարարեց՝ մարզում կան թափուր աշխատատեղեր, ընդ որում՝  նաև բարձր աշխատավարձով, և քաղաքացիները կարող են դիմել ու նոր աշխատատեղ գտնել։ Աշխատետեղերի մասին տեղեկությունները տեղադրվում են Տավուշի մարզպետարանի կայքում։ Հարցին՝ այս պահին քանի՞ թափուր աշխատատեղ կա, և  Իջևանում տեղի ունեցած միջադեպերից հետո քանի՞ քաղաքացի  է  աշխատանք ստացել, Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը պատասխանեց․ «Այս պահի դրությամբ՝ հայտարարել ենք 329 թափուր աշխատատեղի մասին՝ չհաշված  այն, որ կա նաև հարյուրավոր պայմանագրային զինծառայողների կարիք։ Մեզ դիմել է 250 հոգի, որոնցից 67-ն արդեն աշխատանքի է ընդունվել, մոտավորապես 79 հոգի գործատուի հետ բանակցային, այսպես ասած՝  պայմանագրային գործընթացում են գտնվում,  հրաժարվել է 104-ը, որոնցից  36-ը հրաժարվել է նպաստից չզրկվելու պատճառով, իսկ  մնացածին աշխատանքի պայմանները չեն բավարարել․ վերջիններս  մոտավորապես այն մարդիկ են, որ ունեն զբաղվածության այլ տարբերակ ու այս աշխատատեղերը դիտարկել են որպես ալտերնատիվ աշխատանք։ Այստեղ մեզ համար մտահոգիչ է 36 հոգին, որոնք հրաժարվել են աշխատանքից՝ ընտանեկան  նպաստի համակարգից դուրս չմնալու համար։ Ես կարող եմ մի դեպքի մասին նշել, որի մասին հստակ գիտեմ․ օրինակ՝  «Տավուշ տեքստիլ»-ում 220 հազար դրամով էլեկտրիկի թափուր աշխատատեղ կար։ «Տավուշ տեքստիլ»-ը գտնվում է Բերդ  քաղաքում, և անձը հրաժարվեց էլեկտրիկի ախատանքից՝ ընտանեկան նպաստի համակարգից  դուրս չմնալու պատճառով․ սա խոսում է այդ համակարգի՝ տնտեսական առումով վնասակար  լինելու մասին։ Ես կարծում եմ՝ այդ համակարգն ամբողջությամբ պետք է ձևափոխվի, որովհետև   մենք ավելի շատ պիտի զարկ տանք սոցիալական ակտիվ ծրագրերին, որտեղ մարդուն կօգնենք աշխատել, վերապարտրաստվել, ներգրավվել հանրային աշխատանքներում։ Դուք կարող եք Երևանում էլ տեսնել, թե որքան հանրային աշխատաքնի կարիք կա՝  թեկուզ այգի մշակելու, ծաղիկներ ջրելու, ծառ տնկելու  համար․․․ Հարկավոր է օգնել այն մարդկանց, որոնք չունեն աշխատանք․ նրանք կարող են ներգրավվել հանրային աշխատանքներում, և դրա դիմաց վարձատրվել և ոչ թե ստանալ աղքատության նպաստ՝ չաշխատելով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր