00:00:00

«Ո՞նց կարելի է լինել այդ աստիճան աներես․ Ստամբուլյան կոնվենցիան դուք ստորագրել եք, ումի՞ց եք ինչ ուզում»

02:03, 03 օգոստոս 2019

 
Մամուլում շարունակվում են ակտիվ քննարկումները Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ:
Հիշեցնենք՝ կոնվենցիայի ակտիվ ընդդիմախոսներից են նաև նախորդ իշխանության ներկայացուցիչները, որոնք պնդում են՝ այն դեմ է մեր ավանդույթներին ու արժեքներին, հոտևաբաև չի կարելի վավերացնել։
 
Իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները ի պատասխան դրա՝ հաճախ հիշեցում են կատարում՝ կոնվենցիան ստորագրվել է ՀՀԿ-ի կառավարման օրոք, և այս իշխանություններին այժմ այլ բան չի մնում, քան վավերացնել այն։
Երեկ՝ օգոստոսի 1-ին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները փակ նիստում քննարկեցին Ստամբուլյան կոնվենցիան, որին մասնակցեցին նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Անդրադառնալով վերոնշյալ թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը irakanum.am-ի հետ զրույցում նշեց․ «Հարցը ունի երեք հարթություն՝ քաղաքական, իրավաբանական, հասարակական հարություններ։ Այդ հարթությունները խիստ փոխկապակցված են։ Ինչ վերաբերում է քաղաքական հարթությանը, պետք է ասել՝ այսօր ամենաշատն աղմկում են այն քաղաքակական շրջանակի ներկայացուցիչները (կամ նրանց համակիրները), որոնք ստորագրել են կոնվենցիան, ու հիմա ի՞նչ են կռիվ անում․ ես, ճիշտն ասած, լավ չեմ հասկանում։ Ինչպես ասում են, ո՞նց կարելի է լինել այդ աստիճան աներես․ դուք ստորագրել եք, ումի՞ց եք ինչ ուզում։
 
Երկրորդ՝ ստորագրելուց հետո դեռ գործընթաց չկա, ՀՀ-ում դրա վավերացման հետ կապված՝ շրջանառվող որևէ նախաձեռնություն չկա, որպես օրինագիծ՝ շրջանառվող փաստաթուղթ չկա։ Աղմուկն, իրոք, կեղծ օրակարգ է։ Քննարկումները լինում են խորհրդատվական մակարդալով․ այս պահին կոնսոնսուս չկա։
 
Անցնեմ հարցի հասարակական հարթությանը։ Համենայն դեպս, կասկած չկա, որ ՀՀ-ում պետք է պետականորեն միջոցներ ձեռնարկվեն ընտանեկան բռնությունները, անպատիժ բռնությունը և կանանց նկատմամբ բռնությունը բացառելու համար։ Այդ ամենն ուղղակի բխում են ՀՀ շահերից, մարդու իրավունքների կոնվենցիաներից՝ եվրոպական և ՄԱԿ-ի, որի ստորագրողներից մեկն էլ հենց ՀՀ-ն է»։
 
Հարցին՝ այսինքն՝ մեր երկրում գործող օրենքները բավարար չե՞ն, որպեսզի բռնարարը պատժի ենթարկվի, Ռուբեն Մոհրաբյանը պատասխանեց․ «Այն, որ մեր օրենսդրությունը խիստ թերի է, անվիճելի է։ Շատ դեպքերում գործ ունենք այնպիսի իրավիճակների հետ, երբ ունենք օրենք, բայց դրանք աշխատեցնելու ձև չկա»։
 
Հարցի իրավաբանական կողմի մասին խոսելիս Ռուբեն Մեհրաբյանը շեշտեց՝ կոնվենցիան կրում է խորհրդատվական բնույթ։
 
«Եվ եթե մի կողմ դնենք այս ներքաղաքական ղալմաղալը, ապա այս կոնվենցիան ուղղակի ուղեցույց է, թե ինչպես պետք է ընտանեկան, կանանց նկատմամբ բռնությունը պատժելի դարձնել։
 
Բացի դրանից՝ այդ կոնվենցիայի հետ կապված՝ ոչ թե հիստերիկ տեսարաններ պետք է բեմադրել ու ղալմաղալ բարձրացնել, այլ քննարկումներ անել, հասկանալ այն ամենը, ինչը չի հակասում ՀՀ օրենսդրությանը և ավելին՝ գալիս է լրացնելու, պետք է ուղղակի կյանքի կոչել։ Ինչ վերաբերում է կոնվենղիան ամբողջությամբ կյանքի կոչելուն կամ ոչ, ապա պետք է ասեմ՝ այնտեղ կան իրավաբանական հարցեր․ երկրում էլ բազմաթիվ իրավաբաններ կան, թող անցնեն խորհրդատվության, հասկանան՝ ամբողուջությամբ են ընդունում, վերապահումներոն, ի՞նչ վերապահումներով, ինչո՞ւ վերապահումներով․․․ Այս ամենը քննարկելի է։ Պետք է նշել՝ ՀՀ-ում լինում են դեպքեր, որբ ընտանեկան բռնությունն անպատիժ է մնում, ընդհուպ մինչև մահվան դեպքեր, դժբախտություններ․ այս ամենի դեմն առնել է պետք»։
 
Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ Ստամբուլյան կոնվենցիան օգտակար փաստաթուղ է ու պետք է աշխատել այդ ուղղությամբ։
 
«Ի վերջո, տեսականորեն ես հնարավոր եմ համարում վերապահումներով վավերացնել այդ կոնվենցիան, իսկ վերապահումների մեջ դնել այն, ինչը չի բխում մեր օրենսդրությունից կամ մեր պատկերացումներից․ այդ ամենը չի արգելվում։ Բայց մինչ այդ՝ կոնվենցիան քննարկել է պետք, իսկ մենք այսօր չենք քննարկում։ Նախկին իշխանությունը սուսուփուս գնացել, ինչ-որ բան է ստորագրել, և հիմա, երբ հասել է դա վավերացնել-չվավերացբելու փուլը, նույն այդ ստորագրողները սկսել են ղալմաղալ բարձրացնել, ու այսօր քննարկում չի լինում և ինչպես ասում են, ամեն ինչը միայն սև ու սպիտակի մեջ են տեսնում, մինչդեռ այս հարցը շատ կարևոր է, և հարկավոր է լայն մասնագիտական քննարկումներ անցկացնել, իսկ այս ղալմաղալին պետք է վերջ տալ, և ամենակարևորը՝ սա այն հարցը չէ, որ ինչ-ինչ քաղաքական ուժեր պետք է օգտագործեն՝ որպես այլ քաղաքական ուժերի նկատմամբ հաշիվ մաքրելու միջոց։ Ամենակարևոր բանը, ինչի կարիքն ունեն ՀՀ-ն ու քաղաքացիները, քննարկումն է։ Պետք է նստել, կարդալ, վերծանել, մեկնաբանել, առարկայական՝ առանց շահարկումների վերլուծություններ անել, բանավիճել ու հասկանալ՝ դա մեզ պետք է, թե ոչ։ Չգիտեմ՝ գուցե այդ կոնվենցիան մեզ պետք չէ ու պետք է հենց ՀՀ-ում բռնությունը քրեականացնող առանձին օրենք ընդունել․ այդ ամենը քննարկման արդյունքում կարող է ի հայտ գալ, և քննարկման արդյունքում կարող է երևալ՝ ինչն է ճիշտ, ինչն է սխալ», - եզրափակեց Ռուբեն Մեհրաբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր