00:00:00

Դատախազության հակազդեցությունը ԲԴԽ-ի հայտարարությանը վկայում է այն մասին, որ ԲԴԽ-ն անգամ այդ անատամ հայտարարություն տարածելու «իրավունք չուներ» . փաստաբան

12:42, 31 հուլիս 2019

Երեկ մեղադրանք է առաջադրվել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Այս մասին, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի դիրքորոշումն արտահայտող հայտարարության և ԱԱԾ-ի որոշման մասին զրուցել ենք դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ։ Նշենք, որ ավելի քան 80 փաստաբան պատրաստակամություն է հայտնել ստանձնել դատավոր Գրիգորյանի պաշտպանությունը։ - Պարոն Վարոսյան, պատրաստվու՞մ եք բողոքարկել Դավիթ Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի որոշումը։ - Դեռ կխորհրդակցեմ Դավիթ Գրիգորյանի հետ, բայց ելնելով պաշտպանական մարտավարությունից՝ համոզմունք ունեմ, որ դատավարական այդ որոշումը մարտավարական իմաստով բողոքարկել չարժի։ Այնուամենայնիվ կան բողոքարկելու բավականաչափ բաներ։ Համարում եմ, որ ոտնահարված են Դավիթ Գրիգորյանի մի շարք իրավունքներ՝ մասնավորապես խուզարկութունը թույլատրելու մասին դատարանի կողմից կայացված որոշումը։ Այստեղ նրա իրավունքների ակնհայտ խախտում կա և այն արդեն բողոքարկված է։ Խուզարկություն կատարելու ընթացքում քննիչի գործողությունները ևս բազմաթիվ խախտումներ են իրենց մեջ պարունակում, դրանց դեմ նույնպես բողոք է ներկայացվելու։ Կարող եմ ասել, որ իրավական հնարավոր ամբողջ գործիքակազմն օգտագործվելու է Դավիթ Գրիգորյանի խախտված իրավունքները վերականգնելու համար։ - Ստացե՞լ եք Ազգային անվտանգության ծառայության քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը։ Պատրաստվու՞մ եք այն բողոքարկել։ - Դավիթ Գրիգորյանի մյուս փաստաբան Գեորգի Մելիքյանն է այդ հաղորդումը ներկայացրել և ինքը պետք է ստանա այն, բայց երեկվա դրությամբ դեռ չէր ստացել։ Պատրաստվում ենք քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը բողոքարկել նախ դատախազություն, իսկ հետո դատարան։ - Երեկ ԲԴԽ-ն հանդես եկավ հայտարարությամբ և հայտնեց իր դիրքորոշումը։ Նույն օրը Դատախազությունը տարածեց ԱԱԾ-ի որոշումը, կարծես, կանխավ ասելով, որ քննարկման առարկա չեն դարձնելու ԲԴԽ-ի որոշումը։ Ինչպե՞ս եք գնահատում դա։ - Նախ՝ թույլ եմ գնահատում Բարձրագույն դատական խորհրդի կողմից արված հայտարարությունը։ Բարձրագույն դատական խորհուրդը, առկա խախտումների շարքում, որոնք մասնավորապես տեղի էին ունեցել այդ քննչական գործողության ընթացքում, կենտրոնանալով միայն դուռը կնիքելու հանգամանքի վրա, ցույց տվեց, որ այնուամենայնիվ գոյություն ունի։ ԲԴԽ-ն հայտարարություն տարածեց հայտարարություն տարածելու համար։ Իսկ Դատախազության անմիջապես հակազդեցությունն այդ հայտարարությանը վկայում է այն մասին, որ ԲԴԽ-ն հավանաբար անգամ այդ անատամ հայտարարությունը տարածելու «իրավունք չուներ»։ - Նման պայմաններում որքանո՞վ է արդարացված ԱԱԾ-ի որոշումը բողոքարկել դատախազին։ - Մենք մեր պետական ատյանները ճշգրիտ սպառելու անհրաժեշտություն ունենք և այդ ճանապարհին նաև դատախազություն բողոք պետք է ներկայացնենք։ Դա է պատճառը։ Այնպես չէ, որ մենք բողոք ենք ներկայացնում և կարծում ենք, որ դատախազությունն այսօր որևէ այլ դիրքորոշում է ունենալու։ Չէ՞ որ դա Նոր Հայաստանի դատախազությունն է, դա ժողովրդի դատախազությունն է։ pastinfo.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր