00:00:00

2016թ․ ինչպես եղել է․ Կրտսեր սերժանտը ցանկացել է լսել «Սև նետ» հրացանի ձայնը ու անզգույշ կրակոցով սպանել ծառայակցին

01:53, 28 հուլիս 2019 Իրավական

1in.am-ը գրում է․ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ ավարտվել է Ազատ Խ.-ի գործի դատական քննությունը:
Այս գործը երկրորդ պտույտն է կատարում դատական համակարգում:
1996 թվականին ծնված Ազատ Խ.-ն դեպքի պահին պարտադիր ժամկետային զինծառայող էր, ջոկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ: Նրան մեղադրանք էր առաջադրվել զենքի հետ վարվելու կանոնների խախտման արդյունքում անզգուշությամբ ծառայակցին սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով:
Ըստ մեղադրանքի՝ Ազատ Խ.-ն, նշանակված լինելով մարտական հերթապահության, 2016 թվականի հունիսի 2-ի առավոտյան, ժամը 9-ն անց 15-ի սահմաններում դիրքի կացարանի դիմաց խախտել է «Սև նետ» տեսակի հրացանի հետ վարվելու կանոնները՝ մարտական փամփուշտներով լիցքավորված պահեստատուփը հրացանին ամրացված վիճակում անհարկի կատարել է լիցքավորում և սեղմել է հրացանի ձգանը: Կրակոց է արձակվել տվյալ պահին կրակողի դիմացի աստիճաններով բարձրացող ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Խորեն Հ.-ի ուղղությամբ, անզգուշությամբ նրան կրծքավանդակի շրջանում պատճառվել է հրազենային գնդակային միջանցիկ մահացու վիրավորում:
Այս քրեական գործով Ազատ Խ.-ն կալանքի տակ է եղել 2016 թվականի հունիսի 2-ից դեկտեմբերի 2-ը՝ 6 ամիս, ապա նորից կալանքի տակ է առնվել 2017 թվականի հուլիսի 25-ին ու արգելանքի տակ մնացել է մինչև 2019 թվականի մարտի 29-ը՝ ևս 1 տարի 8 ամիս 4 օր: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը գործի առաջին դատաքննության ավարտին Ազատ Խ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար և դատապարտել է 4 տարի ազատազրկման: Դատական ակտը բողոքարկել է տուժողի իրավահաջորդը, վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է տուժողի իրավահաջորդի վերաքննիչ բողոքը, դատավճիռը բեկանել, գործն ուղարկել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Վերաքննիչի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ազատ Խ.-ի շահերի պաշտպանը, սակայն Վճռաբեկ դատարանը բողոքը վարույթ չի ընդունել: 2019 թվականի մարտի 18-ին այս գործի երկրորդ դատական քննությունն իր վարույթ է ընդունել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը: Նա Ազատ Խ.-ին ազատել է կալանքից՝ նրա նկատմամբ կիրառելով այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ՝ 1 միլիոն դրամի չափով: Գործի երկրորդ դատական քննության ժամանակ ամբաստանյալ Ազատ Խ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց՝ խնդրելով հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները: Նախաքննական ցուցմունքներում Ազատ Խ.-ն նշել էր, որ տուժող Խորեն Հ.-ին ճանաչում էր համատեղ ծառայությունից՝ մոտ վեց ամիս, նրա հետ մտերիմ հարաբերությունների մեջ էր: Դեպքի ժամանակաընթացքում իրենց գումարտակն ընդգրկված էր մարտական հերթապահության մեջ: Զինծառայող Արա Հ.-ին ամրակցված էր «Սև նետ» կոչվող հրացանը: Դեպքից երկու օր առաջ Արա Հ.-ն առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է զինհոսպիտալ: Նրան ամրակցված հրացանը մնացել է դիրքում: Հունիսի 1-ին իրենց առաջ խնդիր է դրվել հաջորդ օրը՝ հունիսի 2-ին, կոսմետիկ նորոգում կատարել դիրքի կացարանում: Հունիսի 2-ի առավոտյան դիրքի անձնակազմի մի մասը կատարել է կացարանի նորոգում, կացարանի գույքը, այդ թվում՝ կացարանում գտնվող «Սև նետ» հրացանը, դուրս է բերվել: Հրացանը դրված է եղել ճաշարանի մոտ: Ժամը 9-ին ինքը ստանձնել է արթուն հերթափոխի պարտականությունները: Նկատել է, որ Խորեն Հ.-ն դուրս եկավ ճաշարանից ու գնաց զուգարան: Ինքը գնացել է «Սև նետ» հրացանի մոտ ու հարևան գյուղը դիտարկելու ցանկությամբ հրացանը դրել է արկղերի վրա: Աջ ձեռքով բռնել է բռնակից, ձախ ձեռքով բռնել է հրացանի վրայի օպտիկական սարքը, իսկ հրացանի խզակոթը հենել է իր ուսին: Այդ ընթացքում ինքը ցանկացել է լսել հրացանից արձակված ձայնը՝ դրա մեջ փամփուշտի բացակայության պայմաններում: Բացել է ապահովիչի փականը ու լիցքավորել է: Ցանկացել է հարևան գյուղի մոտ գտնվող բլուրների վրա ինչ-որ կենդանի հայտնաբերել ու «ձևականորեն կրակել դրա ուղղությամբ»: Հրացանի վրա առկա է եղել պահեստատուփ, բայց ինքը գիտեր, որ դրա մեջ փամփուշտ չկա: Օպտիկական սարքով մի պահ տեսել է Խորենին՝ դիրք բարձրացող աստիճանների վրա: 3-4 վայրկյանից նա այլևս չէր երևում: Ինքը գլուխը աջ է թեքել ու աջ ձեռքի ցուցամատով սեղմել է հրացանի ձգանը, որպեսզի հրացանի ձայնը լսի: Սակայն իր համար անսպասելի՝ կրակոց է արձակվել: Ինքը տեսել է, որ Խորենը վիրավորում է ստացել ու ընկած է գետնին: Գոռացել է, օգնություն է կանչել: Դիրքի անձնակազմը Խորենին դրել է պատգարակի վրա ու տարել է հոսպիտալ: Նույն օրն ինքն իմացել է, որ Խորենը մահացել է… Ըստ Ազատի՝ իր ու Խորենի միջև վեճեր, կոնֆլիկտներ չեն եղել, իրենք միմյանց նկատմամբ բռնություն չեն գործադրել: Խորենին սպանելու շարժառիթ չի ունեցել… Ինքը ծանոթ էր զենքի հետ վարվելու կանոններին ու գիտեր, որ չպետք է օգտագործեր այլ զինծառայողի ամրակցված զենքը: Բոլոր խախտումներն արել է հետաքրքրասիրությունից… Նախաքննական ցուցմունքների հրապարակումից հետո պատասխանելով կողմերի հարցերին՝ Ազատ Խ.-ն ասել է, թե հրացանի օպտիկական սարքը մոտիկ տեղը պղտոր էր ցույց տալիս, այդ պատճառով ինքը Խորենին չի տեսել, այլ տեսել է պղտոր պատկեր, մտածել է՝ դաշտն է այդպես ցույց տալիս: Ազատ Խ.-ն պնդել է, թե կատարվածը պատահականություն էր… Տուժողի իրավահաջորդը՝ սպանված զինվորի եղբայրը, նշել է, թե չի հավատում, որ դեպքը տեղի է ունեցել պատահականության պատճառով: Դատարանը Ազատ Խ.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի՝ զենքի հետ վարվելու կանոնները խախտելով անզգույշ կրակոց արձակելու և անզգուշությամբ ծառայակցին սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով: Ազատ Խ.-ն դատապարտվել է 6 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է անազատության մեջ գտնված 2 տարի 2 ամիս 4 օրը, վերջնական պատիժ է սահմանվել 3 տարի 9 ամիս 26 օր ազատազրկում: Ազատ Խ.-ի նկատմամբ կիրառվել է Համաներման ակտի համապատասխան դրույթը, նա ազատվել է պատժի կրումից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր