00:00:00

Հայաստանում առկա է հեպատիտ Ց-ի ավելի քան 4500 դեպք. սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ն ու Ց-ն նահանջել են

18:24, 26 հուլիս 2019

Թեև Հայաստանում սուր և քրոնիկ հեպատիտ Ց-ով և Բ-ով հիվանդացության նվազում է դիտվում, 2019-ի առաջին կիսամյակում հեպատիտ Ց է ախտորոշվել 706 պացիենտի շրջանում, ովքեր բուժհաստատություն են դիմել այլ խնդիրներով:  Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան՝ հուլիսի 28-ին ընդառաջ հրավիրված ասուլիսում հայտնեց «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի Ոչ վարակիչ հիվանդությունների ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը: «2018-ին արձանագրվել է հեպատիտի 2070 նոր դեպք: Պատվաստումները, կանխարգելիչ  շատ միջոցառումներ բերել են նրան, որ մենք ունենք սուր և քրոնիկ հեպատիտ Բ-ի՝1.2 անգամ և Ց-ի՝ 1.5 անգամ նվազում:  2018-ին հայտնաբերվել է սուր վիրուսային հեպատիտ Ց-ի 15 դեպք, առաջնային քրոնիկ հեպատիտ Ց-ի՝ 122 դեպք, և 1214 հեպատիտ Ց-ով հիվանդներ են ախտորոշվել, որոնք դիմել են բուժհիմնարկ լրիվ այլ խնդիրներով, հայտնաբերվել են արագ թեստով: Սա բավականին մեծ ցուցանիշ է»,- ընդգծեց Աբովյանն ու նշեց, որ արդեն այս տարվա առաջին կիսամյակում ունենք 706 պացիենտ, ովքեր ախտորոշվել են բուժհիմնարկում, երբ դիմել են այլ խնդիրներով: Տվյալները ստացվում են ներդրված համաճարականաբանական հսկողության համակարգի շրջանակներում, սակայն Աբովյանը նկատեց՝  պետք է հաշվի առնել, որ բնակչության 80 տոկոսը տեղեկացված չէ հիվանդության մասին: Եվ ցուցանիշներն արտացոլում են պատկերն այնքանով, որքանով մարդիկ որևէ կերպ դիմել են բուժհիմնարկ և ախտորոշվել: Հանրապետությունում հեպատիտ Ց-ով շուրջ 4500-ից ավելի դեպքեր կան, սակայն թվերն ամեն օր լրացվում են: Աբովյանի խոսքով՝ երբ ռիսկի խմբերում հետազոտություն են անում, կտրուկ ավելացում են արձանագրում: Հեպատիտի փոխանցման ուղիներն են սեռական ճանապարհը, բժշկական միջամտությունները: Աբովյանը նշեց՝ բժշկական միջամտությունների մեջ մեծ դեր են խաղում կոսմետոլոգիական  բժշկական միջամտությունները: «Եվ կոսմետոլոգիական կենտրոնների համար արդեն հաստատված են հստակ պահանջներ իրենց մոտ կիրառվող բժշկական իրերի մանրէազերծման, ախտահանման վերաբերյալ, որոնք մշակվել են միջազգային ստանդարտներին համապատասխան»,-ասաց նա: Սակայն, որոշ մարդիկ մատնահարդարման ծառայություններ մատուցում են նաև տանը: Այս դեպքում նախարարությունը որևէ վերահսկողություն չի կարող իրականացնել: Սակայն այս առումով փորձում են լայնածավալ իրազեկման աշխատանքներ կատարել: ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավորտնօրենի խորհրդական, Իմունականխարգելման  ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ Հայաստանում 1999-ից օգտագործվում է հեպատիտ Բ-ի դեմ պատվաստանյութ: Դա զգալիորեն բարելավել է ցուցանիշները: Սակայն հեպատիտ Ց-ի դեմ պատվաստանյութ, ցավոք, դեռ չկա: Սահակյանը նկատեց, որ պատվաստանյութերի ներդրումից հետո նվազել է նաև հեպատիտ Ա-ով հիվանդացության ցուցանիշը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 325 մլն մարդ աշխարհում ապրում է հեպատիտ Բ-ով և Ց-ով :  Տարեկան 6 մլրդ դոլար ներդրում է անհրաժեշտ մինչև 2030 թվականը հեպատիտների վերացման նպատակին հասնելու համար: ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը նկատեց, որ հեպատիտ Բ-ի դեմ արդյունավետ պատվաստանյութ կա, որը Հայաստանն օգտագործում է 1999-ից: «Եվ 20 տարեկանից փոքրերը երջանիկ են, քանի ապահովված են: Իսկ ավելի մեծերը, անհրաժեշտության դեպքում, պետք է ստուգում անցնեն»,- ասաց նա ու նկատեց, որ աշխարհում ընդամենը 20 տոկոսից քիչ մարդիկ գիտեն իրենց կարգավիճակի, հիվանդության մասին: Նա հավելեց, որ Հայաստանում լուրջ քայլեր արդեն արվում են, պատրաստ է ծրագիր: Հայաստանում քաղաքական կամքը կա, և իրենք դա զգում են և աջակցում Հայաստանի ջանքերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր