SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 18-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի կողմից Աբովյան քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Վահե Գևորգյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Եղվարդի նստավայր, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 33-ամյա Արսեն Արսենյանի նկատմամբ։
Վերջինիս նկատմանբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելն ու շահագործելը) հատկանիշներով։ Ժամեր առաջ կասկածյալ Ա. Արսենյանը ոստիկանական ավտոմեքենայով տեղափոխվել է դատարան, և այս պահին դատավոր Գեղամ Մարգարյանի նախագահությամբ դռնփակ դատական նիստը սկսվել է։ Եթե դատարանը բավարարի քննչական բաժնի միջնորդությունը, ապա Ա. Արսենյանը տեղափոխվելու է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Կայքի տեղեկություններով՝ հուլիսի 16-ին դատարանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում խուզարկություն է կատարվել Ա. Արսենյանին պատկանող Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի 3-րդ թաղամասի տանը, որտեղ նրա մոտ ազգականը ոստիկաններին է ներկայացրել Ա. Արսենյանի անվամբ հաշվառված «Սայգա» տիպի ողորկափող որսորդական հրացանն ու փամփուշտները։ Դատարանի որոշմամբ խուզարկություն է կատարվել նաև Ա. Արսենյանին պատկանող Nissan March մակնիշի ավտոմեքենայում, որի արդյունքում մեքենայի ղեկի ներքևի հատվածում գտնվող իրերի պահման խցի միջից հայտնաբերվել է լուցկու տուփ, որի մեջ եղել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև կանեփի սերմի նմանվող սերմեր։
Շարունակությունն՝ այստեղ: