Այսօր՝ հուլիսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։55-ի սահմաններում Քեթի գյուղի վարչական տարածքում Mercedes մակնիշի 35 CՍ 035 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորների մեջ կա զինվորական, և այս պահին քննարկվում է, թե արդյոք վթարի փաստով Շիրակի մարզի քննչականն է զբաղվելու, թե ռազմական ոստիկանությունը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։ Քիչ առաջ էլ էլեկտրոնային լրատվամիջոցներով տեղեկություններ են տարածվել, որ նշված վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, 1 հոգի վիրավոր է, մինչդեռ այդ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: