00:00:00

Օսիպյանը պարգեւատրել է ոստիկաններին. ծրարներում նշված են բացահայտած հանցագործության տեսակն ու պարգեւատրման չափը

17:02, 13 հուլիս 2019

Հուլիսի 13-ին ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, մարզային ու տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ եւ բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկաններ։ Ողջունելով ներկաներին` ոստիկանության գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանը շնորհավորեց տարբեր ծանրության հանցագործություններ բացահայտելու համար պարգեւատրման ներկայացած ոստիկաններին, ինչից հետո տարբեր ստորաբաժանումների ծառայողներ արժանացան դրամական պարգեւների: Ծրարներում նշված են ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգեւատրման չափը: Գումարները կփոխանցվեն նրանց հաշվեհամարներին: Ոստիկանության պետը նկատեց, որ աշխատանքի արդյունավետության հետեւողական բարձրացման խթաններից մեկն էլ պարգեւատրումների մեխանիզմն է, որը թույլ է տալիս օբյեկտիվ եւ առարկայական գնահատել լավագույն ծառայողներին: Հավաստելով, որ ոստիկանները բացի իրենց հասանելիք աշխատավարձից, շարունակելու են ըստ արժանվույն գնահատվել նաեւ կոնկրետ հանցագործություններ բացահայտելու համար, Վալերիյ Օսիպյանն ընդգծեց. «Սա ոստիկաններին պետք է պարտավորեցնի էլ ավելի բարեխիղճ ծառայել»: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ոստիկանության օպերատիվ- ծառայողական գործունեությանը վերաբերող այլ հարցեր եւս: Վալերիյ Օսիպյանը նշեց, որ արդյունքները գոհացուցիչ են, սակայն անհրաժեշտ է անել ավելին՝ ներդնելով բոլոր միջոցներն ու կարողությունները, քանզի հանրությունը ոստիկանությունից ոչ միայն պարզապես արդյունավետ, այլեւ մշտապես կատարելագործվող ծառայություն է ակնկալում: Ավարտին ոստիկանության պետը կոնկրետ ցուցումներ եւ հանձնարարականներ տվեց բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր