00:00:00

Մեկը «խնչած ունի կարծիքների վրա», մյուսն ասում է՝ «առանց թպրտալու հարկերը բերե՛ք, մուծե՛ք»․ այդ ինչպե՞ս են խոսում ժողովրդի հետ․ Արսեն Գրիգորյան

03:03, 11 հուլիս 2019 Հասարակություն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը երեկ  ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ շոու-բիզնեսի ներկայացուցիչներին հորդորենով  իր խոսքով ասած՝ «առանց ավելորդ թպրտալու»  հարկերը վճարել։  Նրա բառապաշարի, դիմելու ձևի հետ կապված՝  սոցիալական ցանցերում քննարկումներ ու քննադատություններ եղան։
 
Արեն Մկրտչյանը, մասնավորապես, իր գրառման մեջ նշել էր․ «Այսպես կոչված շոու բիզնեսի ներկայացուցիչներ կան, որոնց ասում են հարկ վճարեք ու որոնք մի անբացատրելի հիստերիա են բարձրացրել։
 
Իրենք բյուջե ծամած որոշների հարևանի ծանոթի չայ դնողի թան սարքողի ծնունդին 20.000 դոլարով 4 երգ են երգել ու բյուջե 1 լումա չեն վճարել, ճակատներին էլ վաստակավորի կոչում են դակել։ Հետո իրենց ընտրությունից ընտրություն կանգնեցրել են Սերժի պաստառի տակ ու ասել բացականչե՛ք «անվտանգություն ու առաջընթաց»։
 
Էս մարդիկ ասում են օրինակ՝ Ֆրանսիայում ամեն ինչ լավ ա, ճանապարհները՝ բարձրակարգ, առողջապահությունը՝ բարձրակարգ, ուսուցիչների աշխատավարձը՝ բարձր, սպառազինությունը՝ նորագույն, մետրոն՝ ներառական ու ընդգրկուն...
 
Ֆրանսիայում ամեն ինչ լավ ա, որովհետև նույն երգիչը մինչև 70 տոկոս հարկ ա վճարում, ու էդ հարկով ա սպառազինությունը՝ նորագույն, աշխատավարձը՝ բարձր, առողջապահությունն էլ բարձրակարգ։
 
Ուրեմն կգնաք ու շատ արագ, առանց ավելորդ թպրտալու հարկերը կվճարեք։ Գյուղերում արևին ու անձրևին առևտրով զբաղվող տատիկ պապիկներից ոչնչով առավել չեք»։
Անդրադառնալով պատգամավոր  Արեն Մկրտչյանի կոչին ու բառապաշարին՝ irakanum.am-ի հետ զրույցում երգիչ Արսեն Գրիգորյանը (Ասո) նշեց․ «Որ ասում է՝ «գյուղերում արևին ու անձրևին առևտրով զբաղվող տատիկ պապիկներից ոչնչով առավել չեք», ինքը այդ տատիկների ու պապիկների համար ի՞նչ է արել։ Առաջինը՝ մարդուն այդպես  չեն դիմում։ Ի՞նչ է նշանակում «առանց թպրտալու կտանե՛ք, հարկերը կմուծե՛ք»։ Այս պահի դրությամբ երևի հենց ինքն է թպրտում, քանի որ ուզում է վերևների աչքը մտնել։ Դա պատգամավորի լեքսիկոն չէ, փողոցային լեքսիկոն է։
 
Կոչ եմ անում նման պատգամավորներին մաքրել խորհրդարանից։ Մինչև պատգամավոր դառնալը ժողովրդին խնդրում   էին, հիմա այսպե՞ս են  դիմում մարդկանց։  Այսօր արդեն «թպրտալուց»  են խոսում։ Տատիկ, պապիկների մասին են խոսում․  Հոկտեմբերյանում կարկուտն ամբողջ բերքը փչացրել է․ տեսնենք՝ այդ տատիկ, պապիկների համար ի՞նչ են անելու, սուբսիդավորում լինելո՞ւ է։ Մարդիկ բանկերի տոկոսների տակ են մնացել։
 
 Ես ամսական անգամ 700 դոլար չեմ աշխատում, երբեմն էլ ընկերներիցս եմ գումար վերցնում։   Իրենք ի՞նչ են արել արվեստի  մարդու համար․  թո՛ղ մեր մասին մտածեն, թ՛ող մտածեն, որ առանց արվեստի՝  ազգը դադարում է լինել ազգ, դառնում է ցեղատեսակ։ Ողջ կյանքում մշակույթի գործիչների համար ի՞նչ են արեն, որ այսօր էլ  ստիպում են, թե  «առանց թպրտալու տարե՛ք հարկերը մուծեք»։ Ես հարկ վճարելուց չեմ խուսափում։ Եթե ամեն ինչ օրինական լինի, հստակ օրինագծեր լինեն, կանոնակարգված լինի ոլորտը, կվճարեմ։ Ես երբեք օրենքներ չեմ խախտում»։
 
Արսեն Գրիգորյանը նշեց՝  Արեն Մկրտչյանի արտահայտությունները  չպետք է տեղ ունենային պատգամավորի բառապաշարում։ Երգիչը նշեց՝ նման բառապաշարով երևի  «զոն նայողներն»  են խոսում։
«Նման  արտահայտություններ անող  մարդիկ երևի հենց իրենք են ձկան նման ապրում՝ թպրտալով։ Թող ոչ մեկին չհամեմատեն ձկան կամ մորթված կենդանու հետ։ Նա պատգամավոր է, ճիշտ չի արտահայտվել, պատգամավորն իրավունք չունի նման լեքսիկոնով արտահայտվել։
 
Երգիչների հարկի մասին են խոսում արդեն մի տարի է։ Իսկ իրենք ի՞նչ են արել այդ երգիչների համար։ Հարկերն էլ որ մուծեն, երկիրը փրկվելո՞ւ է։ Այնքան կարևոր հարցեեր ու խնդիրներ կան, որոնք պետք է լուծել, բայց անդադար երգիչների ու հարկերի մասին են խոսում։ Ասենք՝ ամսական   25 հազար դրամ ես տվեցի, այդքան էլ մեկ ուրիշը, մյուսն էլ՝  10 հազար կամ 100 հազար․ վերջը ի՞նչ է լինելու․ երգիչ էլ չի մնացել, բոլորը թողել-գնացել են երկրից։ Ասում է՝ «առանց թպրտալու»․ ինձ շատ հետաքրքիր է՝ այդ  պատգամավորը տեսնես բանակ գնացե՞լ է, որովհետև մեծ մասը բանակում չի ծառայել, բայց բանակին վերաբերող օրենքներ է հնարում։ Բախտները բերել   է, որ Նիկոլ Փաշինյանը դարձել է վարչապետ, բայց տեսնես վարչապետը գիտի՞ , որ պատգամավոր կա, որը  նման արտահայտություններ է անում», -  ասաց Արսեն Գրիգորյանը։
 
Վերջինս նշեց՝  պետության կողմից որևէ աջակցություն չի ստացել որևէ հարցում։
 
«1991 թվականից իմ վարձերը ես եմ մուծել․ կոշիկ ու շալվար չեմ գնել, վարձ եմ մուծել,  երգ ձայնագրվել։ Այսօր եկել է երկու կոպեկ   վաստակելու  ժամանակը, որ ընտանիք պահենք, ասում են «առանց թպրտալու  հարկերը վճարեք»․ ամբողջ կյանքում նա հա՞րկ է վճարել, այդ բախտը բերած դեպուտատը։ Ո՞նց են այդպես խոսում մարդկանց հետ․ մեկը «խնչած ունի կարծիքների վրա», մյուսն ասում է՝ «առանց թպրտալու հարկերը բերեք մուծեք»․ չեմ հասկանում՝ սա կրիմինալ աշխա՞րհ է, թե՞  կառավարություն։
 
Մեկը խնչում է, մեկը թպրտալուց է խոսում․ նախ առաջինը, թող իրենց կարգի հրավիրեն, հետո անցնեն ժողովրդի հետ խոսելուն։ Լավ է, Նիկոլ Փաշինյաննն էլ կա, նա էլ չլինի,  այսպիսի գոչծիչները ի՞նչ պիտի անեն՝ չգիտեմ։ Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին սիրում է, ասում է ՝ լավ, հլը մի քիչ էլ ձայն չհանենք, բայց այսպիսի գործիչները  գիտեն, թե իրենք բոլորը Նիկոլ են։ Այսօր շատ հանգիստ օր եմ ունեցել, բայց երբ իմացա այդ պատգամավորի արտահայտությունների մասին, նյարդերս  քայքայվեցին․ ինչպե՞ս կարելի է մարդկանց այդպես դիմել, այդպես  խոսել», -  ասաց  Արսեն Գրիգորյանը։
Երգիչը նշեց՝ այդպիսի արտահայտություններ անողներին մարդիկ չեն հարգի։
 
«Մենք դեռ երեխա ժամանակ դասից փախել ենք, գնացել ենք սահմանում կռվող տղաներին փամփուշտ ենք տարել։ Մեր պատմության դասատուն  ասաց՝ դուք ի՞նչ տղա եք, տղաները սահմանում կռվում էր, բայց այդ ուսուցչի կռիվ տալու տարիքն էր ու նա մեզ նման բան ասաց։ Մենք 5-6 հոգով՝ դասարանի տղաներով փախանք դասից, գնացինք, հասանք Խնձորեսկ, փամփուշտ տարանք  զինվորներին, հիշում եմ՝ ռուս զինվորներ էին։ Իհարկե, մեր տարած փամփուշտները շատ էլ չէին, բայց, բոլոր դեպքերում գնացել ենք։ Երբ Խնձորեսկ հասանք, մի պապիկ կար, ասաց տղանե՛ր, այսքանով եք եկել, թե՞ պակաս մարդ կա Ձեր մեջ։ Ասացինք՝ այսքանով ենք եկել, և այն ժամանակ   անգամ չհասկացանք, թե ինչու այդ պապիկը մեզ այդ հարցը տվեց։ Հետո  բերեց, անկողինը գցեց հատակին, ասաց լուսամուտներից խփում են, դրա համար  հատակին  քնեք,  թե չէ,  մահճակալը չենք ափսոսում։ Հետո, իհարկե, գիշերը մեր ծնողները եկան, մեզ տուն բերեցին։  Երեխա ժամանակից այսպիսի մարդիկ ենք եղել, իսկ այդ պատգամավորին երևի իր թաղի տղաներն էլ չեն ճանաչում, այսօր էլ նա եկել, ասում է «առանց թպրտալու», իսկ ինչի՞ց պիտի թպրտանք։  Ինչպե՞ս կարելի է նման կերպ խոսել», -   եզրափակեց երգիչ Արսեն Գրիգորյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր