00:00:00

ՀՅԴ-ԱԺՄ հանդիպմանը պայմանավորվածություններ են ձեռք բերվել

19:15, 09 հուլիս 2019

  Հուլիսի 9-ին Հայ Յեղափոխական Դաշնակցության «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի և «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչների միջև։ Այս մասին հայտնում են ՀՅԴ-ից: Հանդիպումը նախաձեռնել էր ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, որը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի հետ։ ԱԺՄ կուսակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին կուսակցության վարչության անդամներ Անահիտ Աղոյանը, Ադրինե Ավագյանը, Աշոտ Այվազյանը, Վարդան Վարդանյանը և Հրաչ Համբարձումյանը։ Դաշնակցության կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամներ Շաղիկ Մարուխյանը և Աշոտ Սիմոնյանը։ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշել է, որ Դաշնակցությունն ու ԱԺՄ-ն ունեն համատեղ անցած ճանապարհ, և այժմ տեսանելի են համագործակցության հեռանկարները երկրում առկա խնդիրներին լուծումներ առաջարկելու ուղղությամբ։ ԱԺՄ վարչության անդամ Անահիտ Եղոյանը նշել է, որ երկու կուսակցությունները երկրում առկա իրավիճակը նույն ձևով են վերլուծում, և այդ հարցում կա փոխըմբռնում` երկրում տիրող անհանդուրժողականության մթնոլորտն արգելք է ցանկացած առաջընթացի համար։ ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի համակարգող Արծվիկ Մինասյանը ներկայացրել է Դաշնակցության նախաձեռնած ոլորտային հանձնախմբերի աշխատանքը, ինչպես նաև որոշ օրենսդրական նախաձեռնությունների առընչությամբ կուսակցության տեսակետները։ Նա ներկայացրել է նաև Դաշնակցության «Զարգանալ` չզիջելով» հայեցակարգի կարևորությունը և դրա շուրջ համախոհ ուժերի համախմբման անհրաժեշտությունը։ Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձևավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը և այլընտրանքային օրակարգ առաջարկելուն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առավել ակտիվացնել միջկուսակցական շփումները ներքաղաքական կարևորագույն հարցերի շուրջ։ Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի այս նախաձեռնության նպատակն է խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական առողջ ուժերի հետ քննարկել երկրում տիրող քաղաքական իրավիճակը և մի շարք հարցերի ուղղությամբ ճշգրտել մոտեցումներն ու համագործակցության հնարավոր ուղիները։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր