00:00:00

Արմեն Սարգսյանը Մեղրիի ազատ տնտեսական գոտում զարգացման մեծ ներուժ է տեսնում. Սյունիք այցի ամփոփում

18:57, 08 հուլիս 2019 Տնտեսություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սյունիքը համարում է հպարտանալու արժեքներ և մեծ ներուժ ունեցող մարզ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նախագահը կիսվեց  Սյունիքի մարզ երկօրյա իր այցի տպավորություններով՝ շեշտելով, որ գտնվել է մի չնաշխարհիկ բնություն ունեցող վայրում, որտեղ, կարծես թե, ամեն ինչ կա։ Նախագահը ցավով  նշեց, որ այդ մեծ ներուժի մի մասը դեռևս չի օգտագործվում։ «Եթե սկսենք, օրինակ, Մեղրիից, հույս ունեմ, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտին շատ արագ կբացվի։ Այդ գոտու նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։ Այն ոչ միայն Սյունիքի համար կիրառական, կյանքի նշանակություն ունի, այլ նաև ողջ Հայաստանի համար։ Մեծ թվով ընկերություններ պատրաստեն և հետաքրքրված են, որպեսզի Հայաստանի ազատ տնտեսական գոտին օգտագործեն՝ Իրանի Իսլամական Հանրապետության շուկա մտնելու համար»,- ասաց նախագահ Սարգսյանը։ Խոսելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ այցելության մասին՝ նախագահը էական համարեց այն, որ Հայաստանի մասշտաբներով հսկա կառույցը միշտ ուշադրությամբ հետևի բնապահպանական խնդիրների լուծմանը և սոցիալական ծրագրերի իրագործմանը, որը, ըստ Սարգսյանի, կոմբինատի ղեկավարությունը իրականացնում է։ «Կոմբինատը գոյություն ունի տասնյակ տարիներ, շատ կարևոր դեր ունի հատկապես Կապանի և Քաջարանի բնակիչների համար։ Հետաքրքիր է՝  Քաջարանի բնակիչների հետ հանդիպելիս ինձ տպավորեց այն, որ իրենք ասում էին «մեր կոմբինատը»։ Այսինքն՝ անկախ նրանից, թե կոմբինատի տնօրենը ով է, կոմբինատը իրենցն է։ Այդ բնակիչները ծնվել են և մեծացել են այն ժամանակ, երբ իրենց հայրերն են այնտեղ աշխատել, և հիմա իրենք էլ են աշխատում  այդ կոմբինատում և մտածում են, որ իրենց զավակները նույնպես պետք է աշխատեն այնտեղ։ Քաջարանի բնակիչների հետ զրույցելիս ինձ մոտ նույն զգացումն էր, որ կոմբինատը իրենց է, և դա շատ գեղեցիկ է»,- ընդգծեց Սարգսյանը։ Նախագահը ցավով նշեց նաև, որ Կապանը, որը եղել էր արդյունաբերական քաղաք, ներկայում այդ արդյունաբերության մի մեծ մասը կորցրել է։ «Ինչու եմ ասում կորցրել ենք, որովհետև արդյունաբերության մի մեծ մասը կորցնելով, նաև աշխատանքային տեղերն են կորցնում, անհատները լքում են իրենց հայրենիքը, տեղափոխվում են Երևան, հետո գուցե արտասահման, այն դեպքում, որ կարող էին ապրել այնտեղ։ Նույն Կապանում եղել է և թեթև, և սննդի արդյունաբերություն»,- ասաց Սարգսյանը։ Սակայն դրան զուգահեռ Սյունիքում կան մի շարք ձեռնարկություններ, որոնք, ըստ Սարգսյանի, զարգանալու և ընդլայնվելու ներուժ ունեն․այդ ձեռնարկություններից են՝ «Սյունիք Ֆուդ» ընկերությունը, որը մասնագիտացած է պահածոների արտադրության մեջ և «Մարիլա» ընկերությունը, որը զբաղվում է կաթնամթերքի և մսամթերքի արտադրությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր