00:00:00

Գրիգորի Մարտիրոսյանն ու Տիգրան Ավինյանը հստակեցրել են համագործակցության հետագա քայլերը

12:43, 07 հուլիս 2019

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն հուլիսի 6-ին ընդունել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությանը:  Հանդիպմանը, որին մասնակցել են նաև ԱՀ կառավարության անդամները, քննարկվել են երկու հայկական պետությունների գործադիր մարմինների միջև առկա փոխգործակցությունն ընդլայնելու և խորացնելու հեռանկարները: Հանդիպմանը ներկա ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, արդարադատության, գյուղատնտեսության և քաղաքաշինության նախարարները մանրամասն ներկայացրել են միասնական դաշտում գործող ծրագրերի որակն աստիճանաբար բարձրացնելու և մի շարք ուղղություններում փոխգործակցության նոր՝ մասնավորապես, հանրությանը էլեկտրոնային ծառայությունների մատուցման, հակակարկտային կայանների, գյուղատնտեսական հաշվառման, համայնքների գլխավոր հատակագծերի, Մարտակերտ-Սոտք ավտոճանապարհի սպասարկմանն ու այլ հարցերի շուրջ առաջարկներ: «Նշված ոլորտներում համագործակցության բարձր մակարդակի պահպանումն ու նախանշված նոր ուղղություններում համատեղ աշխատանքը կարճ ժամանակահատվածում կարող են տպավորիչ արդյունքներ գրանցել»,- իր խոսքում նշել է պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը վստահություն է հայտնել, որ համագործակցության նոր առաջարկներն ու առկա դրական դինամիկան ապահովելու անհրաժեշտությունը բխում են հայկական երկու պետությունների տնտեսական շահերից: ԱՀ պետական նախարարն ու ՀՀ փոխվարչապետը երկուստեք կարևորել են նման ձևաչափով հանդիպումները՝ համատեղ ծրագրերի արդյունավետության բարձրացման և ոլորտային նոր աշխատանքների համադրման տեսանկյունից: Այնուհետև ԱՀ և ՀՀ կառավարության անդամները այցելել են Ստեփանակերտում տեղակայված մի շարք արտադրամասեր, գնահատել թեթև արդյունաբերության զարգացման ներկա միտումներն ու հեռանկարները: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության Արցախ կատարած աշխատանքային հագեցած օրակարգը ավարտվել է Շուշիում: Հյուրերը ծանոթացել են «Եզնիկ Մոզիյան արհեստագործական ուսումնարան»-ի հնարավորություններին ու բերդաքաղաքի զբոսաշրջային ներուժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր