00:00:00

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հարցը չի համարում քաղաքական կարգավորմանը ենթակա. Անի Սամսոնյան

23:39, 06 հուլիս 2019 Արտաքին քաղաքականություն

Ես կցանկանայի ուշադրություն հրավիրել զեկույցների մի քանի ասպեկտների վրա: Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքների ներառումը կուժեղացնի բանաձևի նախագիծը, մինչդեռ այնպիսի սկզբունքների անտեսումը, ինչպիսիք են մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, հավասար իրավունքներն ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, կազդի դրա արժեքավորության վրա: Հիշեցնեմ, որ անցյալ տարի Բեռլինի հռչակագրում ԵԱՀԿ ԽՎ-ն հավասարապես անդրադարձավ Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր սկզբունքներին: Ի՞նչ ուղերձ ենք ուզում հղել: Մենք դե՞մ ենք սրան, թե՝ ոչ, հարգելի գործընկերներ: Մենք դրական կերպով արձանագրել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի պատվիրակության անդամների կողմից կատարված փոփոխությունները, որոնք մի փոքր այլ կերպ, բայց այնուամենայնիվ փորձում են հավասարակշռել ուղերձները միջազգային միջնորդների դիրքորոշմանը համապատասխան: Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո Հայաստանի կառավարությունը ակտիվորեն ներգրավված է Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ընթացող բանակցություններին: Մի շարք հանդիպումներ տեղի են ունեցել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների և արտաքին գործերի նախարարների մակարդակով: Նրանք հանգել են հակամարտության գոտում լարվածության կտրուկ նվազեցմանը և կողմերի միջև վստահության միջոցների հաստատմանն ուղղված ջանքերին: Կողմերը պայմանավորվել են ամրապնդել հրադադարի ռեժիմը, ստեղծել ուղղակի հաղորդակցման գիծ, միջոցներ ձեռնարկել մարդկանց նախապատրաստելու խաղաղության համար: ԵԱՀԿ գործող նախագահը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ճանաչել են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկխոսության դրական դինամիկան և կառուցողականությունը: Հարգելի իմ գործընկեր պարոն Գուլիևն հակասում է իր նախարարին: Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները վերահաստատել են կողմերի մտադրությունը շարունակելու իրենց ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն ուղղված կարգավորում գտնելու գործում: Ադրբեջանի մեր գործընկերը հղում է կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին: Ցանկանում եմ շեշտել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ԼՂ հարցը չի համարում քաղաքական կարգավորմանը ենթակա, ոչ էլ սահմանափակել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի կիրառումը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր չորս բանաձևերը ընդունվել են ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ, որոնք հաստատել են անմիջապես հրադադար հայտարարելու պահանջը: Ցավոք, չնայած լարվածության զգալի կրճատմանը, ամբողջական հրադադարը և դրա կոնսոլիդացիան շարունակում են մնալ մարտահրավեր մինչ օրս: Ընդ որում, բանաձևերը ճանաչում են Լեռնային Ղարաբաղի իշխանություններին որպես հակամարտության կողմ: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բանաձևը, որին Ադրբեջանն հղում է կատարում, մերժվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, ինչը բացահայտում է դրա  իրական արժեքը: Հարգելի գործընկերներ, ԵՄ երկրներում մեծամասնությունը չի աջակցել ՄԱԿ-ի այս բանձևին: Բնակչության համար նախապատրաստումը խաղաղության պահանջում է քաղաքական կամք, որը բխում է հասարակական աջակցությունից: Այն հազիվ թե արդյունքներ տա ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության բացակայության պայմաններում: Խաղաղությունը գալիս է այնպիսի արժեքների հետ, ինչպիսիք են քաղաքական մասնակցությունը, ազատ ընտրությունները, ակտիվ քաղաքացիական հասարակությունը և ազատ մամուլը: Ադրբեջանի հասարակության ռադիկալացումը, յուրաքանչյուր ոլորտում նույնիսկ սպորտում բաժանարար գծեր ձևավորելը, ձգձգում է հարցի խաղաղ կարգավորման գործընթացը: Հարավային Կովկասում հետագա ժողովրդավարական վերափոխումը կարող է բարենպաստ միջավայր ստեղծել Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի հասարակությունների միջև իրական երկխոսություն ունենալու համար: Մենք կարևորում ենք ոչ թե 1000 քառակուսի կիլոմետրը, այլ 1000 մարդկային կյանք, նրանց իրավունքներն ու ամենօրյա տառապանքը: 21-րդ դարում կարևորվում են մարդու իրավունքներն ու մարդկանց ցանկությւոնը կերտելու իրենց ապագան ազատ ճնշումներից և  հալածանքից: Եթե բանաձևի նախագիծը ընդունվի ներկայիս ձեւակերպմամբ, ապա այն կարող է տապալել խաղաղ գործընթացի դրական դինամիկան՝ հանգեցնելով սխալ հաշվարկների և այդպիսով հակամարտության գոտում լարվածության ավելացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր