Հունիսի 23-ին Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին հրապարակվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակը Մայր Տաճարի հիմնանորոգությանն ու բարեզարդ պահպանությանն ի նպաստ մեկնարկող համազգային հանգանակության առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:
Մայր Տաճարի նորոգության համար նվիրաբերվող օգնությունները համակարգելու նպատակով օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Գերագույն հոգևոր խորհրդի կողմից հաստատվել է աշխատանքային խումբ` ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի գլխավորությամբ: Ստեղծվել են նաև ազգային բարերարներից և թեմերի ներկայացուցիչներից կազմված հոգաբարձուների պատվո հանձնախումբ և գործադիր մարմին:
Հուլիսի 3-ին և 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը, որը նախագահել է Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքն է բերել աշխատանքային խմբի անդամներին` կարևորելով խմբի ստանձնած առաքելությունն ի պայծառություն Մայր Տաճարի: Իր խոսքում Նորին Սրբությունն անդրադարձել է Մայր Տաճարի խորհրդին հայոց կյանքում` ընդգծելով, որ հաճախ Մայր Տաճարով է պայմանավորվել հայրենիքի գոյությունը և ազգի հարատևումը: «Փառք ենք տալիս Աստծուն, որ ունենք Սուրբ Էջմիածինը որպես Աստծո մշտական ներկայություն մեր ժողովրդի կյանքում, որն առաջնորդում է մեզ դեպի փրկություն, դեպի հավերժություն», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը` մաղթելով, որ մեր ժողովրդի զավակներն ամենուր ապրեն Սուրբ Էջմիածնի օրհնության ներքո և փարված մնան Սուրբ Էջմիածնի խորհրդին: Ըստ Հայոց Հայրապետի, համազգային հանգանակությունը յուրաքանչյուր հայորդու համար նախ և առաջ առիթ է հոգևոր վերարթնության:
Հանդիպման ընթացքում լսվել են Տաճարի ամրակայման և հիմնանորոգության աշխատանքների ընթացքի, ինչպես նաև տեղեկատվական-ծանուցողական նյութերի նախապատրաստման ու հրապարակման վերաբերյալ զեկույցներ:
Քննարկվել են թեմերում հանգանակության կազմակերպման հետ առնչված հարցեր: Տեղեկացվել է որ թեմերում այդ նպատակով սկսվել է տեղական հանձնախմբերի ձևավորումը, իսկ առաջիկային աշխատանքային խմբի պատասխանատու Հովնան արքեպիսկոպոսը հանգանակության աշխատանքների համակարգման նպատակով այցելություններ կկատարի Կանադայի, ԱՄՆ Հայոց Արևելյան, Բրազիլիայի, Արգենտինայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի ու Դամասկոսի հայոց թեմեր և Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակություն (Վիեննա):
Որոշվել է Ս. Աստվածածնի վերափոխման տոնին` Մայր Տաճարի նավակատիքի օրը, ձեռնամուխ լինել հանգանակության գործնական ընթացքին: Առաջիկային կհրապարակվեն նաև Մայր Տաճարի համար նվիրաբերվելիք գումարների փոխանցման համար անհրաժեշտ տվյալները: