00:00:00

Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ

23:10, 06 հուլիս 2019 Արտաքին քաղաքականություն

Հուլիսի 6-ին Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Կիպրոսի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ։ Այս մասին հայտնում են ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Ողջունելով Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը՝ Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը նշել է, որ հայ և կիպրացի եղբայրական ժողովուրդները միասին կերտել են դարերի հարուստ պատմություն ունեցող ամուր բարեկամություն, որը բխում է համամարդկային ընդհանուր արժեքներին փոխադարձ հավատարմությունից։ Երկու ժողովուրդները սերտորեն կապված են նույնանման արժեհամակարգով, ընդհանուր պատմությամբ և մշակույթով։ Արարատ Միրզոյանը կարևորել է եկեղեցիների դերը՝ որպես հայ և կիպրացի ժողովուրդների կյանքում քրիստոնեական արժեքները պահպանող և զարգացնող կառույց՝ ընդգծելով, որ մեր բարեկամ ժողովուրդները դարեր շարունակ միմյանց սատարել են ճակատագրական պահերին՝ կիսելով վիշտն ու ուրախությունը, պայքարելով համամարդկային իրավունքների և արժեքների վերականգման ու պահպանման համար։ Մեր ժողովուրդները կրում են ցեղասպանության չսպիացող վերքը և շարունակում պայքարել պատմական արդարության վերականգնման համար։ Այցի շրջանակներում Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այցելել է նաև Մելքոնյան կրթական հաստատություն, ծանոթացել կրթահամալիրի ներկա վիճակին, զրուցել կրթահամալիրի բակում նախկին շրջանավարտների կողմից կազմակերպված բողոքի ցույցի մասնակիցների հետ։ Ազգային Ժողովի նախագահը լսել է կրթահամալիրի հետագա ճակատագրի վերաբերյալ նրանց մտահոգությունները և խոստացել ավելի խորը ծանոթանալ խնդրի մանրամասներին։ Արարատ Միրզոյանը այցելել է նաև Նիկոսիայի Նարեկ հայկական վարժարան, ուր հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես եկել ելույթով, պատասխանել ներկաների հարցերին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր