00:00:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մասնակիցներին

22:03, 05 հուլիս 2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր՝ հուլիսի 5-ին,  ընդունել է Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի մի խումբ մասնակիցների: Հանդիպմանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն, 5-րդ միջազգային բժշկական համագումարի նախագահ բ. գ. դ. Արմեն Չարչյանը Նորին Սրբությանը ներկայացրել է համագումարի մասնակիցներին՝ տեղեկություններ փոխանցելով համագումարի ընթացքի և արձանագրված արդյունքների մասին: Այնուհետև Նորին Սրբությունն իր ուրախությունը հայտնեց Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի կապակցությամբ աշխարհասփյուռ անվանի հայ բժիշկների` Հայաստանում մեկտեղվելու առիթով: Հայոց Հայրապետը գովելի և խրախուսելի նկատեց նման միջոցառումների անցկացումն ու բժիշկների միջև մասնագիտական փորձի փոխանակումը ի նպաստ հայրենիքի առողջապահության ոլորտի բարելավման և բժշկագիտության զարգացման: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հույս հայտնեց, որ համագումարները առիթ կդառնան աշխարհի տարբեր երկրներում և հայրենիքում իրենց ոլորտներում մեծ ձեռքբերումներ արձանագրած հայ բժիշկների ներուժի համախմբման և դրա ծառայեցման ազգի զավակների առողջության պահպանմանը: Նորին Սրբությունը գոհունակությամբ հաստատեց, որ նման գործակցություն արդեն իսկ ձևավորվել է և բարի պտուղներ տվել Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում և այլ բուժ. հաստատություններում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաջողություններ մաղթեց համագումարի աշխատանքներին` վստահություն հայտնելով, որ այն կբացահայտի և իր աշխատանքներում կընդգրկի նորանոր բժիշկների: Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը պատասխանեց ներկաների հարցերին, որոնք վերաբերում էին Հայոց Եկեղեցու ներկայիս կացությանը, գործունեությանը, եկեղեցականության պատրաստության ընթացքին և իրականացվող ծրագրերին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր