00:00:00

«Զիտո՛ Կիպրոս». Արարատ Միրզոյանի ելույթից հետո Կիպրոսի պատգամավորները անտեսել են արգելքն ու ծափահարել

20:50, 05 հուլիս 2019 Հասարակություն

Պատիվ ունեցա ելույթ ունենալ Կիպրոսի խորհրդարանում. նախապես ասել էին, որ Կիպրոսի խորհրդարանում ծափահարությունները գրեթե արգելված են, եւ մեծ էր զարմանքս եւ հուզմունքս, երբ իմ ելույթից հետո դահլիճը ծափահարեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա իր ելույթը ներկայացրել է որոշ կրճատումներով. «Արիստոտելը, խոսելով ընկերության մասին, այն դասակարգում էր երեք խմբի՝ հաճույքի ընկերներ, շահի ընկերներ եւ իսկական ընկերներ։ Ես ուզում եմ այս բարձր ամբիոնից արձանագրել, որ դարերը ցույց են տվել՝ հայ եւ կիպրացի ժողովուրդները իսկական ընկերներ են, Հայաստանը եւ Կիպրոսը իսկական ընկերներ են։ Դարեր շարունակ հայերը եւ կիպրացիները պայքարել են Օսմանյան լծի դեմ, եւ այսօր մենք՝ Հայաստանի Հանրապետությունն ու Կիպրոսի Հանրապետությունը, յուրաքանչյուրս իր տեղում ստանձնել ենք յուրահատուկ առաքելություն դիմակայել Թուրքիայի էքսպանսիոնիստական եւ ագրեսիվ քաղաքականությանը։ Եվ այս առաքելությունը մենք իրականացնում ենք սատար կանգնելով մեկս մյուսի համար կենսական նշանակության հարցերում։ Ինչպես գիտեք, Հայաստանը մշտապես հանդես է եկել Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ սահմանների բացման օգտին, ինչը չի ընդունվում մեր հարեւան հանրապետության ղեկավարության կողմից։ Ավելին, հայ-թուրքական հարաբերությունները մշտապես քննարկվում են երրորդ երկրի շահերի ենթատեքստում, ինչը կտրականապես անընդունելի է, եւ բերում է տարածաշրջանում անկայունության եւ ռազմական հակամարտության շարունակականությանը։ Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո եղել է ու կմնա միջազգային հանրության կողմից մանդատ ունեցող միակ ձեւաչափը: Արցախի անվտանգությունը եւ կարգավիճակը Հայաստանի համար առաջնահերթություններ են, եւ հիմնախնդիրը չի կարող լուծվել առանց հակամարտության հիմնական կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի որոշիչ խոսքի։ Կիպրոսի հիմնահարցի համատեքստում մենք մշտապես նշում ենք, որ թեեւ առաջնային հիմնախնդիրների լուծման ճանապարհին Հայաստանը եւ Կիպրոսն օգտվում են միջազգային տարբեր իրավական գործիքներից, դա բնավ չի խոչընդոտում, որ սատարենք միմյանց: Առավել քան վստահ եմ, որ անխուսափելի է այն օրը, երբ եղբայրական կիպրացի ժողովրդի ջանքերը՝ հանուն արդարության վերականգնման եւ Կիպրոսի վերամիավորման, պսակվելու են հաղթանակով: Չեմ կարող չանդրադառնալ Կիպրոսի Հանրապետության բացառիկ տնտեսական գոտու հանդեպ Թուրքիայի ոտնձգություններին, ինչն անընդունելի է եւ դատապարտվել է միջազգային հանրության կողմից։ Թուրքիայի կողմից դրսեւորած նման ապակառուցողական եւ անօրինական գործողությունները չեն նպաստում տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովմանը։ Բարեկամ Կիպրոսը իր կարեւորագույն դերն է ունեցել նաեւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։ Այսօր ես գտնվում եմ մի խորհրդարանում, որն առաջին երկիրն է Եվրոպայում եւ երկրորդն աշխարհում, որը 1975 թվականին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատին ապրիլի 24-ը պետականորեն Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու, իսկ 2015 թվականին՝ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող բանաձեւը միաձայն ընդունելու համար: Հայաստանն ու Կիպրոսը բազմիցս ապացուցել են իրենց հավատարմությունը համամարդկային արժեքներին եւ վերահաստատել հանձնառությունը ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված շարունակական ջանքերին: Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ երկկողմ հարաբերություններում իր ուրույն դերն ու ներդրումն ունի հայկական համայնքը, որն ավելի քան հարյուր տարի առաջ մազապուրծ լինելով Օսմանյան կայսրությունում թուրք ոճրագործների կողմից իրականացված ցեղասպանությունից՝ ապաստանեց Կիպրոսում: Մենք շնորհակալ եւ պարտական ենք կիպրացի բարեկամ ժողովրդին այդ հայերին պատսպարելու եւ իրենց նոր հայրենիքում լիարժեք ապրելու եւ արարելու հնարավորություն ընձեռելու համար: Ուրախալի է, որ այսօր էլ կիպրահայերն իրենց մասնակցությունն ու ներդրումն ունեն Կիպրոսի հասարակական եւ քաղաքական կյանքում եւ Կիպրոսի զարգացման մեջ: Խոսելով արդեն ապագայի պլաններից՝ պետք է ասել՝ Հայաստանի համար առանձնակի նշանակություն ունի Կիպրոսի հետ համագործակցությունը ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում: Այս առումով երախտագիտությունս եմ հայտնում ձեզ՝ օրեր առաջ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրված համաձայնագիրը վավերացնելու կապակցությամբ։ Հայաստանի համար այն բազմաշերտ համագործակցության կարեւոր ձեւաչափ է: Չափազանց կարեւորում եմ նաեւ Հայաստան-Կիպրոս-Հունաստան համագործակցության եռակողմ ձեւաչափը: Այն նոր հեռանկարներ է ստեղծում մասնակից պետությունների միջեւ բազմաշերտ փոխգործակցության խորացման համար: Վստահ եմ, որ համագործակցության խորհրդարանական հարթակի ձեւավորումը հնարավորություն կընձեռի կողմերին առավել արդյունավետ կերպով օգտագործելու համագործակցության ամբողջ ներուժը: Թույլ տվեք այսքանով ավարտել երկու ընկերների անցյալի, ներկայի եւ ապագայի մասին իմ պատկերացումները։ Եղել են ժամանակներ, երբ մենք միասին կիսել ենք վիշտը, եկել են ժամանակներ, երբ մենք պիտի միասին հաղթանակներ տանենք հանուն Հայաստանի եւ Կիպրոսի ժողովուրդների, հանուն արդարության, համամարդկային իրավունքների ու արժեքների վերականգնման եւ պահպանման։ Զիտո՛ Կիպրոս, Զիտո՛ Արմենիա, Կեցցե՛ հայ - կիպրական հարատեւ բարեկամությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր