Այսօր՝ հուլիսի 5-ին, Հայաստանում պետականորեն նշվում է Սահմանադրության օրը: Պետության և հասարակության համար Սահմանադրության հզորության աղբյուրը դրա հիմքում դրված արդարության համընդհանուր նորմերի պահպանումը և կիրառումն է: Անուրանալի է Սահմանադրության դերն ու նշանակությունը պետության և հասարակության կյանքում: Երկրի հիմնական օրենքը պետք է վայելի հասարակության անդամների հարգանքն ու վստահությունը և ունենա բարձր լեգիտիմության:
Մինչդեռ ՀՀ գործող Սահմանադրությունը զրկված է այդ ամենից. այն ընդունվել և դրանում հետագա փոփոխություններն իրականացվել են ընտրակեղծիքներով ուղեկցվող հանրաքվեների հետևանքով, որոնց արդյունքները եղել են վիճահարույց հանրության համար: Սահմանադրական բոլոր հանրաքվեները, ըստ էության, եղել են իշխանությունների վստահության հանրաքվե, որոնց հանրությունը մշտապես «ո՛չ» է ասել: Այդևայլ իրողությունները ՀՀ Սահմանադրությունը զրկել են լեգիտիմությունից:
Հայկական թավշյա հեղափոխության հաղթականի արդյունքում արատավոր քաղաքական համակարգը փլուզվեց, իսկ նոր քաղաքական համակարգի կառուցումը՝ ազատության, արդարության, ժողովրդավարության հիման վրա, պետություն-հասարակություն նոր իրավահարաբերությունների ձևավորումը պետք է իրականանային նոր Սահմանադրությամբ, ինչը խոստանում էին նոր իշխանությունները: Սակայն հեղափոխությունից մեկ տարի անց այդ խոստումները մոռացվել են, Սահմանադրությունը փոխելու նախաձեռնություն իշխանությունը ոչ միայն չի ցուցաբերում, այլև փորձում է անտեսել նոր Սահմանադրության ընդունման պահանջները:
Հուլիսի 5-ի առիթով «Քաղաքական լիգան» վերստին դիմում է ՀՀ իշխանություններին՝
- Սահմանադրության շուրջ հրավիրել խորհրդարանական լսումներ,
- Հանրային հեռուստատեսությամբ ծավալել քաղաքակական բանավեճեր,
- Սահմանադրության նախագծի մշակման համար ներգրավել մասնագիտական խմբերի և խնդրով շահագրգիռ հասարակական-քաղաքական գործիչների: