Մեկնարկել է Կառավարության նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Վիետնամ, ուստի նիստը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Վերջինս Կառավարության մեկնարկին հայտարարեց՝ քննարկման ենթակա 45 հարց կա, այնուհետև զեկույցով հանդես եկավ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, որը ներկայացրեց նախագիծ, որով առաջարվում է բարձրացնել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների ամենամսյա պատվովճարի չափը, այն է՝ 50 հազարը դարձնել 100 հազար դրամ։
Զարուհի Բաթոյանը շեշտեց՝ եթե նախագիծն ընդունվի, պետբյուջեում ծախսեր ու եկամուտների ավելացում չի նախատեսվում, քանի որ պատվովճարների ավելացումը կարելի է իրականացնել տնտեսված միջոցների հաշվին։
«2019 թվականի տվյալներով ՀՀ-ում կա Հայրոնական մեծ պատերազմի մասնակից, պատվովճար ստացող 397 անձ։ 2019 թվականին շուրջ 296 մլն դրամ կհատկացվի պատվովճարների բարձրացման համար։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող ամսվանից՝ օգոստոսի մեկից», - նշեց Զարուհի Բաթոյանը։
Կառավարությունը հավանություն տվեց վերոնշյալ նախագծին, որոշումն ընդունվեց։