Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր ելույթում վարչապետը նշեց` նման ցանցի գոյությունը, առկայությունը մեզ, մեր ժողովրդին, մեր երկրին, թույլ է տալիս ավելի արագ հաղթահարել փոքրի, թույլի այն բարդույթը, որ ցավոք սրտի երկար ժամանակ ուղեկցում է մեզ: «Երբ նման հավաքներում մենք գիտակցում ենք, թե ովքեր ունենք, ում ունենք աշխարհի ամենատարբեր անկյուններում, երբ գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում, Արցախի Հանրապետությունում իսկապես գործում են միջազգային, համաշխարհային մակարդակի մասնագետներ, երբ տեսնում ենք, որ աշխարհի տարբեր երկրներ հպարտանում են հայ մասնագետներով եւ նրանց ձեռքբերումներով, դա մեզ բոլորիս, յուրաքանչյուր հայի, յուրաքանչյուր քաղաքացու, Հայաստանի Հանրապետությանը, Արցախին, Սփյուռքին օգնում է մեր ինքնագնհատականը շարունակաբար բարձրացնելու գործում»,- նծեց վարչապետը:
Վերջինս ընդգծեց` հայ ժողովուրդը միջազգային համահայկական բժշկական համքարության աջակցությունը զգացել է մշտապես: «Այդ աջակցությունը ակնհայտ է եղել եւ անգնահատելի 1988 թվականի երկրաշարժի ժամանակ: Այդ աջակցությունը անգնահատելի է եղել Արցախյան հերոսամարտի ընթացքում, երբ Հայաստանից, Արցախից, սփյուռքից տասնյակ եւ հարյուրավոր բժիշկներ կամավոր իրենց ծառայությունն են մատուցել Հանուն Արցախի ազատության, Հանուն Հայաստանի ազատության մարտնչող մեր ազատամարտիկներին, զինվորներին:
Այդ աջակցությունը նկատելի եւ անգնահատելի է եղել նաեւ զինադադարի հաստատումից հետո, երբ տասնյակ, հարյուրավոր հայ բժիշկներ իրենց աջակցությունն են բերել սոցիալապես անապահով խավերի ներկայացուցիչներին, որոնք ունեցել են բժշկական, առողջապահական աջակցության կարիք»,- նշեց Փաշինյանը` հաջողություն մաղթելով համագումարի մասնակիցներին: