64 կգ քաշային բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը դարձավ երկրորդ Եվրոպական խաղերի չեմպիոն։
Եզրափակիչ մենամարտում Բաչկովի մրցակիցը Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոֆիան Ումիան էր, որին հայ բռնցքամարտիկը հաղթեց 3։2 հաշվով։ Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկված բռնցքամարտը նաև Եվրոպայի առաջնություն է, այնպես որ՝ Հովհաննես Բաչկովը դարձավ նաև Եվրոպայի չեմպիոն։ Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը պայքարը սկսել է 1/8 եզրափակիչից՝ 5։0 հաշվով վստահ հաղթանակ տանելով իռլանդացի Ջեյմս Մակգիվերնի նկատմամբ։ 1/4 եզրափակիչում հայ բռնցքամարտիկը կրկին 5։0 հաշվով հաղթել է հույն Ալեքսանդրոս Ցանիկիդիսին, իսկ կիսաեզրափակիչում 4։1 հաշվով պարտության է մատնել հոլանդացի Էնրիկո Լակրուսին։ Հունիսի 30-ին ռինգ էր դուրս եկել նաև Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), ով ևս նվաճեց Եվրոպական խաղերի չեմպիոնի կոչումը։ Ավելի վաղ հայ բռնցքամարտիկներից Կարեն Տոնականյանը (60 կգ) և Գոռ Ներսեսյանը (81 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։