Irakanum.am-ը շարունակում է ձեր ուշադրությանը ներկայացնել «Սպորտը հայտնի մարդկանց կյանքում» շարքը։ Այս անգամ կփորձենք բացահայտել, թե դասական երգչուհի Հասմիկ Հարությունյանի կյանքում ինչ տեղ է զբաղեցնում սպորտը։
- Սպորտով զբաղվո՞ւմ եք։
-Ժամանակ ունենալու դեպքում սիրում եմ վազել։ Դպրոցական տարիներին ևս իմ նախընտրած մարզաձևը վազքն էր, իսկ ֆիզկուլտուրայի դասերին բավական ակտիվ էի։ Պետք է շեշտեմ նաև, որ ֆուտբոլասեր եմ։
- Հետևո՞ւմ եք առողջ սննդակարգ ունենալու սկզբունքներին։
- Ծանրաբեռնված օրակարգի և զբաղվածության պատճառով ցավոք սնվում եմ անկանոն, սակայն հնարավորինս փորձում եմ լինել շարժման մեջ, շատ քայլել, լինել ակտիվ, գերադասել բուսական և բնական մթերքները:
- Արդեն նշեցիք, որ ֆուտբոլասեր եք, իսկ ո՞ր ակումբներին եք երկրպագում։
- Բարսելոնային։
- Սիրո՞ւմ եք ֆուտբոլային հանդիպումներին հետևել հենց մարզադաշտում։
- Վերջին անգամ մարզադաշտից հետևել եմ դպրոցական տարիներին, չնայած կարծում եմ՝ խաղի ողջ էներգիան և հետաքրքրությունը հենց խաղին ներկա լինելու մեջ է:
- Ո՞ր ֆուտբոլիստներին կառանձնացնեք։
- Դիեգո Մարադոնա, Լիոնել Մեսսի, Ռոբերտո Կառլոս:
- Հայաստանի հավաքականի խաղերին հետևո՞ւմ եք։ Ի՞նչ կասեք վերջին հանդիպումների մասին։
- Հետևում եմ մեծ խնդությամբ, ոգևորվածությամբ և կարող եմ ասել՝ հատկապես վերջին` Հայաստան-Հունաստան հանդիպմանը բավականին բարձր վարպետությամբ աչքի ընկան մեր հավաքականի մարզիկները և արդար, արժանի և ցնծալի հաղթանակ պարգևեցին հայ ազգին:
- Եթե մարզիկ լինեիք, ո՞ր մարզաձևում հանդես կգայիք։
- Կնախընտրեի լողը։
- Աշխարհահռչակ ո՞ր մարզիկի հետ կուզենայիք հանդիպել, զրուցել, հարցեր ուղղել․․․
- Դիեգո Մարադոնայի:
- Օլիմպիական խաղերին հետևու՞ւմ եք։
- Այո, հետևում եմ։ Առանձնակի ուշադրությամբ հետևում եմ հատկապես ծանրամարտին, հատկապես հայ մարզիկների մրցելույթներին։
-Կուզենայի՞ք ներկա գտնվել Օլիմպիական խաղերին, եթե նման հնարավորություն ընձեռվեր։
-Իհարկե։ Կարծում եմ՝ օլիմպիական բոլոր մարզաձևերն էլ ունեն իրենց յուրահատկությունները, առանձնահատուկ էներգիա են պարգևում մարդկանց։ Այնպես որ, միանշանակ, բաց չէի թողնի Օլիմպիական խաղերին ներկա գտնվելու հնարավորությունը։