00:00:00

Կոտայքի մարզպետն իր ղեկավարների մոտ գերագնահատել է իր կարողությունները․ Գևորգ Պետրոսյան

18:56, 11 հունիս 2019

Ինչպես հայտնի է,  Ավոբյանի քաղաքապետի ընտրությունների մասին խոսելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ հաղթել է ժողովրդավարությունը, իսկ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, խոսելով նույն այդ ընտրությունների մասին, ասաց՝  պարտվել է Աբովյանի արժանապատիվ քաղաքացին։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով վերոնշյալ թեմային,   Irakanum.am-ի հետ զրույցում նշեց․ «Թե ինչու են   հակասում վարչապետի ու Կոտայքի մարզպետի կարծիքները, կարծում եմ՝ այս հարցի պատշաճ հասցեատերը մենք չենք, իրենք են, բայց, համենայն դեպս, վարչապետը հայտարարեց՝ հեղափոխությունը հաղթել է, իսկ թե ինչ  շարժառիթներով  է վարչապետին հակադրվում մարզպետը, դա իրենց անձնական խնդիրն է։ Եթե ավելի անկեղծ  լինենք, մարզպետն, իսկապես, չի կարողանում մարսել իր պարտությունը։ Նա իր  ղեկավարների մոտ գերագնահատել է իր կարողությունները, և ժողովուրդն  իրեն անակնկալ մատուցեց»։
Գևորգ Պետրոսյանը նշեց՝ ասել, որ «Աբովյանի արժանապատիվ քաղաքացին պարտվեց»,  վիրավորական արտահայտություն է սեփական ժողովրդի նկատմամբ։
 
«Դա ուղղակի նշանակում է՝ մարզպետն  իր թեկնածուի օգտին քվեարկածներին անվանում է անարժանապատիվ։ Ընտրական  շահերից ելնելով՝ քաղաքացիներին բաժանել արժանապատիվի ու անարժանապատիվի, ուղղակի   քաղաքական տհասության, անբարոյականության դրսևորում է։  Չի կարելի քաղաքական շահերից ելնելով՝ մարդկանց բաժանել սպիտակների  ու սևերի, հեղափոխականների  ու հակահեափոխականների,  արժանապատիվների ու անարժանապատիվների։  Վաղն էլ  եթե ոմանք իրենց  խիղճը կորցնեն, մարդկանց բաժանելու են  բարոյականների ու անբարոյականների, գիտունների ու տգետների։
 
Քաղաքական ամբիցիաներից ելնելով՝ այսպիսի սեպ  խրել ժողովրդի մեջ, ուղղակի, կրկնում եմ, քաղաքական տհասության ու անբարոյականության արդյունք է», -  նշեց պատգամավորը։
 
Գևորգ Պոտրոսյանը շեշտեց՝ եթե Կոտայքի մարզպետը շարունակելու է պաշտոնավարել, ապա ինքը մարզպետին խորհուրդ կտա շեշտը դնել  մարզում առկա  խնդիրների լուծման վրա, ոչ թե պարտությունը չկարողանալով մարսել՝ անձնական հավակնություններից, ինքնապաշտպանական  բնազդից ելնելով՝  մարզպետին   ոչ սազական արտահայտություններ անել։
 
«Կոտայքի մարզում  հաճախ եմ լինում, և եթե ընդհանուր իրավիճակը նկարագրեմ, ապա չի կարելի ասել, որ  մարզպետը այդքան  սրտացավ է մարզի խնդիրների նկատմամբ։ Մարզի նկատմամբ սրտացավ լինելը չպետք է դրսևորվի  միայն նախընտրական քարոզարշավի փուլում։ Այդ մարզում կան քաղաքներ, որտեղ գերեզմանափոս հիշեցնող  փոսեր կան ճանապարհներին․ ո՞վ պետք է դրա մասին մտածի։
 
Գյուղատնտեսական աշխատանքների  վիճակի, ոռոգման ջրի խնդիրների մասին ո՞վ պետք է մտածի։ Մարզում հարյուրավոր շինություններ կան, որոնք անտերության են մատնված։  Մարզպետը փոխանակ այս ամենի մասին մտածի, պարտաճանաչ ձևով եկել,  շրջայագում էր  ընտրություններին, քաղաքացիներից առգրավված թղթերի  հետ կապված՝ բացատրություններ   էր պահանջում, ոստիկաններին հանձնարարականներ էր տալիս՝ խախտելով ընտրական գործընթացի բնականոն  ընթացքը, մարդկանց էլ հանիրավի ազատությունից զրկում, տանում էին, մի քանի ժամ ոստիկանությունում պահում, որ  ընտրական գործընթացն իրենց ուզած ձևով հորով-մորով անեն․ դա՞   է մարզպետի առաքելությունը։
Եթե ցույց կտաք  որևէ նորմատիվ  ակտում որևէ իրավական դրույթ, որը մարզպետն թույլ   է տալիս անմիջական մասնակցություն ունենալ  ՏԻՄ  ընտրական գործընթացներին, ես ներողություն   կխնդրեմ իմ կարծիքի համար», -  ասաց Գևորգ Պետրոսյանը։
 
Ինչպես հայտնի է, մի քանի օր առաջ այրել  էին Աբովյանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան ու տունը։
 
Գևորգ Պետրոսյանն անդրադարձավ նաև այս  դեպքին՝ նշելով․ «Բոլոր հիմքերը կան պնդելու, որ դա եղել է   մյուս թեկնածուի վրա ցեխ շպրտելու կազմակերպված, չհաջողված  բեմականացում։ Եթե, իսկապես, ոստիկանները   շահագրգռված են, ապա այս մի քանի օրվա ընթացքում պետք է բացահայտումներ լինեին։
Այդ ինչպե՞ս  է որ մի դեպքում մեքենայի ապակին ջարդելու համար մեկ ժամվա ընթացքում  բացահայտում են անում, բայց այդպիսի հրեշավոր արարքը, որբ մեքենա   է այրվել, բնակարան է այրվել, որտեղ  իրենց ասելով՝ երեխաներ են քնած եղել, ոստիկանությունը  բացահայտումներ չի արել։
 Ուրեմն, այստեղ երկու կարծիք կա․  կամ ոստիկանությունը չի ցանկանում բացահայտել այս հանցագործությունը, կամ նրանք շատ լավ էլ գիտեն,  որ դա մարզպետի հանճարեղ մտքի արգասիքն է, դրա համար ձեռնպահ են մնում  բացահայտողական գործողություններ իրականացնելուց», -  եզրապակեց պատգամավոր Գևորգ Պետոսյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր