Երբեւէ դժվար էր պատկերացնել, որ Հայաստանի վերջին մայրաքաղից դեպի առաջին մայրաքաղաք կարելի էր հասնել ընդամենը 35 րոպեում և` ուղիղ չվերթով: Երևան-Վան ուղիղ չվերթ սա պատմական իրադարձություն է, որն իրականություն դարձավ մեր օրերում։ Առաջին անգամ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունը՝ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, ուղիղ չվերթով մեկնում է 2845 տարեկան Վան քաղաք։
Օդանավը ուղղություն վերցրեց դեպի հյուսիս-արևմուտք՝ անցնելով հայ-թուրքական ներկա սահմանը: Առաջին տեսարանը, որ բացվեց պատվիրակության առջև, Արարատ լեռն էր, բայց արդեն Արաքսի աջ ափից: Արեւոտ եղանակն էլ նպաստեց, որ Վան-Երեւան առաջին չվերթի ուղեւորները տեսնեն հայոց երկու սրբավայրերը՝ Բիբլիական Արարատն ու մայր Արաքսը, ապա ուղղություն վերցրերին դեպի Էրգրի խորքերը: Թռիչքն ընթացավ Երվանդաշատի, Կաղզվանի, Հայկական պարի ու Մանազկերտի վրայով, դուրս եկավ ձյունագագաթ Սիփան լեռան վրա, պտտվեց Վանա լճի վրայով դեպի արևելիք և մեր պատմական Արտամետ գյուղի մոտ վայրէջք կատարեց Վանի օդանավակայանում: Անհավատալի էր, որ օդանավից կարելի էր տեսնել Աղթամար կղզին և նրա վրա գտնվող միջնադարյան հայ ճարտարապետության գլուխգործոց Սուրբ Խաչ եկեղեցին: Պատվիրակության կազմում էին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փախնախագահներ ամերիկահայ Ալբեր Բոյաջյանը, լիբանանահայ Ստեփան Դերբեդրոսյանը, գրող- հրապարակախոս Ռոլանդ Շառոյանը, գործկոմի անդամ Պերճ Հալաջյանը, ԱԺ<Իմ քայլը > խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ,ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը և ուրիշներ:
- Ինձ համար Սա հրաշք էր, գամ և տեսնեմ մեր առաջին մայրաքաղաքը, այս երկիրը որտեղ ապրել են մեր նախնիները: Շատ կուզեմ, որ բոլորը ունենան այս առիթը,- օդանավից իջնելիս առաջին տպավորություններով կիսվեց Ալբեր Բոյաջյանն ու համբուրեց հողը:
- Մենք պետք պատկերացնենք, ընդամենը 35 րոպեում Հայաստանի մերօրյա մայրաքաղաքից ժամանեցինք մեր առաջին մայրաքաղաք Վան`շնորհիվ համահայկական խաղերի, սա աննախադեպ իրադարձություն է ,- ասաց պատվիրակության ղեկավար Իշխան Զաքարյանը: