00:00:00

Քաղաքապետարանը 45 քմ մակերեսով մեկ սենյականոց բնակարան է տրամադրելու 9 հոգանոց բազմազավակ ընտանիքին

12:45, 10 հունիս 2019

Երևանի Արցախի 8 և 10 հասցեների չորրորդ կարգի վթարային շենքերում տասնամյակներ շարունակ ապրող ընտանիքները կստանան նոր բնակարաններ: Քաղաքապետարանի վերաբնակեցման սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագիրն ավարտական փուլում է:
 
Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նշել էր՝ վթարային շենքերում ապրող ընտանիքների մեծ մասը կտեղափոխվի արդեն պատրաստի և սեփականության իրավունքով նրանց տրամադրվող բնակարաններ, մյուսները կտեղավորվեն ժամանակավոր բնակարաններում՝ մինչև նոր կառուցվող շենքի շահագործման հանձնվի:
 
«Այս պահին քաղաքապետարանն ունի որոշակի առկա ֆոնդ, շուրջ 100 բնակարանի մասին է խոսքը, ևս 70 բնակարան այս պահին չի բավարարում, սակայն, հաշվի առնելով այնտեղի կյանքի համար ուղիղ վտանգ ներկայացնող բնակարանային և շենքային պայմանները՝ փլուզումներ ենք արդեն ունենում, մենք այդ ընտանիքներին կտեղափոխենք վարձով ժամանակավոր բնակարաններ՝ համայնքի միջոցների հաշվին: Կհատուցենք բնակիչների բնակարանների ամենամսյա վարձը, մինչև Սիսակյան 3 հասցեում շենքը կհանձնվի շահագործման»,- ասում է փոխքաղաքապետը», - նշել էր փոխքաղաքապետը։
 
Վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով կառուցվող նոր շենքը նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարում, տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանից:
Irakanum.am-ին է դիմել Արցախի 8 հասցեի բնակիչ Նինա Մխիթարյանը։ Վերջինս դժգոհ է նոր բնակարանների տրամադրման կարգից, ասում է՝ անելանելի վիճակում են հայտնվել։
 
«Ես ու ամուսինս սկզբում ապրում էինք սկեսուրս ու սկեսրայրիս հետ՝ Արցախի 8 հասցեում գտնվող իրենց բնակարանում, որը 14 քմ է, սակայն 5-րդ երեխայիս ծնվելուց հետո տեղափոխվեցինք այդ բնակարանի դիմացի սենյակը․ հարևանն էր բարի կամք դրսևորել ու իր բնակարանը մեզ տվել, որ առժամանակ բնակվեինք այնտեղ։ Նա վարձ էլ չի վերցրել, քանի որ իր եղբոր տղայի տանն էր ապրում։ Բայց հիմա հարևանի տունը հանձնել ենք, կրկին սկեսրայրիս ու սկեսուրիս հետ ենք ապրում ՝ 9 հոգով, այսինքն՝ սկեսուրս, սկեսրայրս, ես, ամուսինս ու մեր հինգ երեխաները։
 
Հիմա սկեսրայրս նոր բնակարան է ստանալու, այդ բնակարանը 1 սենյականոց է լինելու, որը 45 քմ է, գտնվում է Աջափնյակ վարչական շրջանում։ 9 հոգով հնարավոր չէ ապրել մեկ սենյակում։ Բազմազավակ ընտանիք է, երեխաներս հինգն են՝ երկու տղա, երեք աղջիկ։ Աճող երեխաներ են, ինչպե՞ս ապրենք 45 քմ մակերես ունեցող բնակարանում։
Քանի որ սկեսրայրս հաշմանդամություն ունի ու երկար տարիներ ապրել է այս շենքում, որպես առաջնահերթ բնակարան ստացող՝ մեր ընտանիքը հիմա է բնակարան ստանալու, ոչ թե առժամանակ վարձով է ապրելու։ Ես ինքս սկեսրայրիս առողջությանը վերաբերող փաստաթղթերը տարա քաղաքապետարան, թե չէ մեր ընտանիքին էլ էին գցելու վարձով ապրող ընտանիքների ցուցակը։ Այդ լիազորը ոնց ուզում, անում է, ում ուզում է, բերում, գրանցում է։ Չգիտեմ՝ ամուսինս ու ես էլ կտեղափոխվենք այդ նոր բնակարանը՝ սկեսուրս ու սկեսրայրիս հետ ապրելո՞ւ, թե՞ ոչ։ Անելանելի վիճակում ենք, քանի որ հնարավոր չէ 9 հոգով մեկ սենյակում ապրել։
 
Ամուսնուս քույրը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին էլ է նամակ գրել, պետք է ուղարկենք փոստով․ տեսնենք՝ ինչո՞վ կկարողանան մեզ օգնել։ Ամուսնուս քույրը և սկեսրայրս նախկինում հանդիպել են փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանի հետ, նա էլ վստահեցրել է՝ ավելի մեծ բնակարան չկա, ամենամեծը 45 քմ մակերեսով բնակարաններն են», - ասաց Նինա Մխիթարյանը՝ նշելով՝ նախկինում հույս ունեին՝ եթե նոր բնակարան ստանան, այն ընդարձակ կլինի, փոքրիկները երազում էին՝ առանձին սենյակ կունենան, իսկ հիմա պարզվում է՝ 9 հոգով պետք է ապրեն մեկ սենյակում։
 
Նինա Մխիթարյանը նշեց՝ իր սկեսրայրին տրամադրվող նոր բնակարանում չի եղել, բայց քաղաքապետարանի աշխատակիցները վստահեցրել են՝ բնակարանը վերանորոգված է, բոլոր կոմումալ հարմարությունները գան, ուստի անհրաժեշտ է իրերը, կահույքը տեղափոխել նոր բնակարան։
 
Նինա Մխիթարյանի ընտանիքը ունի սոցիալական լրջագույն խնդիրներ։ Վերջինս նշեց՝ դպրոցահասակ երեխաները մերթընդմերթ դպրոց չեն կարողացել հաճախել, քանի որ գումար չեն ունեցել։
«Ամուսինս օրավարձով մեքենա է վերցրել, տաքսի է վարում։ Սկեսուրս ու սկեսրայրս թոշակառու են։ Սկեսրայրս նաև թոշակառու է, ինչպես նշեցի։ Ես ևս առողջական խնդիրներ ունեմ։ Ամեն օր դեղեր եմ խմում, քանի որ շնչառական խնդիրներ ունեմ։ Մի դեղահաբը մոտ 700 դրամ է, այդ դեղից օրական երեք անգամ խմում եմ։
 
Մենք ապրում ենք սարսափելի պայմաններում։ Փոքրիկս մեր տան խոնավության պատճառով ականջի հետ կապված՝ լուրջ խնիրներ ունեցավ։ Նույն սենյակում քնում ենք, ճաշ եմ եփում, ամեն ինչը մեկ սենյակում է, և բնական է, որ խոնավ է բնակարանը։
 
Փոքրիկիս ականջը բորբոքվեց, և նրան 6 անգամ վիրահատեցին երկու ամիս առաջ, ներարկիչովհանեցին ականջում հավաքված հեղուկը։ Լյարդացած հեղուկ էր։ Երեք օր, օրը երկու անգամ «Արաբկիր» ԲԿ-ում վիրահատեցին երեխայիս․ փոքրիկս 1 տարեկան, 9 ամսական է։ Հիմա էլի խոնավությունը կա, բայց փոքրիկիս վիճակը հիմա անհամեմատ ավելի լավ է։
Սոցիալական խնդիրները շատ-շատ են։ Չորրորդ երեխաս էլ պետք է այս տարվանից դպրոց գնա, բայց գումար չկա․ չգիտեմ՝ կկարողանա՞նք դպրոց ուղարկել այդ տղայիս, թե՞ ոչ։ Մեծ աղջիկս՝ 12-ամյա Սիրանույշը տաղանդավոր է, լավ է նկարում, սակայն գումար չունենալու պատճառով չենք կարողանում ինչ-որ խմբակ ուղարկել։ Այժմ նա գյուղում է, բայց իր աշխատանքներից տանը կան, կարող  ենք ընթերցողներին էլ ներկայացնել։
 
Դպրոցահասակ մյուս երեխաներս էլ, շատ է եղել, որ գումար չի եղել կամ կոշիկ չի եղել ու դպրոց չեն գնացել, և այդ ամենին գումարվում է այն, բնակարանի խնդիր ունենք։ Հինգ երեխա ունենք, բայց ոչ մի աջակցություն չկա, 45 քմ մակերես ունեցող բնակարան են տալիս, որ 9 հոգով ապրենք։ Սարսափելի վիճակում ենք», - եզրափակեց Նինա Մխիթարյանը: Նրանք, ովքեր ցանկանում են աջակցել այս ընտանիքին, կարող են զանգահարել Նինա Մխիթարյանին հետևյալ հեռախոսահամարով՝  093 76 74 18։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր