Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամում մասնակցել է «Երեք հայերեն ձեռագիր Տոսկանայից» խորագրով ցուցահանդեսի բացման արարողությանը։
Իտալիայի Ֆլորենցիա քաղաքի Մեդիչիների Լավրենտյան գրադարանում պահպանվող 14 հայերեն ձեռագրերից երեքը՝ 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի Քահանաօրհնեքի գիրքը, 14-րդ դարի Սաղմոսարանն ու Պատարագամատույցը մինչև տարեվերջ ներկայացվելու են Մատենադարանի այցելուներին։ Ինտերակտիվ մուլտիմեդիա համակարգով հնարավոր է դիտել նաև ձեռագրերի թվային էջերը։ Բացմանը ներկա են եղել նաև Իտալիայի Ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշիոն, Իտալիայում IBM ընկերության ինովացիաների և տեխնոլոգիաների հարցերով տնօրեն Ֆաբրիցիո Ռենզին, Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոն:
Բացելով ցուցահանդեսը՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը այն համարել է բացառիկ, քանի որ առաջին անգամ Մատենադարանն է հյուրընկալում բարեկամ երկրում պահվող հայկական ձեռագրական գանձերը: