00:00:00

Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձեւաչափը կդառնա ամուր հարթակ. ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Կիպրոսի իր գործընկերոջ հետ

20:18, 04 հունիս 2019

Հունիսի 4-ին աշխատանքային այցով Նիկոսիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի արտգործախարար Նիկոս Քրիստոդուլիդեսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ գոհունակությամբ ընդգծել, որ այս այցը լավ հնարավորություն է նոր խթան հաղորդելու հայ-կիպրական եղբայրական հարաբերություններին՝ հիմնված բարեկամության եւ փոխադարձ հարգանքի ամուր պատմական կապերի վրա, որի մեջ իր անգնահատելի ներդրումն է ունեցել նաեւ Կիպրոսում հայկական համայնքը։ Նախարար Մնացականյանն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը գործնական քայլեր ձեռնարկելու առկա մեծ ներուժի հիման վրա առավել զարգացնելու եւ ընդլայնելու հայ-կիպրական բազմաոլորտ համագործակցությունը։ Զոհրաբ Մնացականյանը եւ Նիկոս Քրիստոդուլիդեսն, անդրադառնալով Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ հանդիպմանը, համոզմունք են հայտնել, որ այս նոր ձեւաչափով համագործակցությունը կդառնա ամուր հարթակ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցության խթանման եւ զարգացման ուղիների շուրջ բաց քննարկում ծավալելու եւ այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը նախանշելու եւ իրականացնելու համար։ ԱԳ նախարարները շեշտել են, որ այս ձեւաչափն արդյունավետ կերպով կարող է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը եւ բարգավաճմանը, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում փոխադարձ աջակցությանը։ Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը՝ այդ համատեքստում ընդգծելով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի հնարավորությունների լիարժեք օգտագործումը: Զոհրաբ Մնացականյանը կարեւորել է նաեւ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը՝ շեշտելով, որ վերոնշյալ գործընթացը հնարավորություն կընձեռի առավել ընդլայնելու մարդկանց միջեւ շփումները եւ խթան կհանդիսանա Հայաստանի եւ ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը: Բարձր է գնահատվել միջազգային կառույցներում երկու երկրների միջեւ առկա արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես ցեղասպանության կանխարգելման օրակարգի առաջմղման գործում: Զրուցակցի խնդրանքով Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները եւ կառավարության զարգացման օրակարգը, Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները։ Հայաստանի եւ Կիպրոսի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հրատապ հարցերի շուրջ։ Երկուստեք ընդգծվել է, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի առանձնահատկություններ, որոնց հաշվի առնումը կենսական է խաղաղ կարգավորման համար: Կիպրոսի հիմնահարցի համատեքստում Զոհրաբ Մնացականյանն իր աջակցությունն է հայտնել խնդրի խաղաղ կարգավորմանը միտված բանակցությունների վերսկսմանը։ Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նախարար Մնացականյանը Նիկոս Քրիստոդուլիդեսին ներկայացրել է Հայաստանի մոտեցումները եւ սկզբունքային դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր