00:00:00

Արվեստագետ կանայք․ վիտրաժային արվեստը՝ Հայաստանում (լուսանկարներ)

17:22, 24 մայիս 2019 Մշակույթ

Կյանքը՝ գույների աշխարհում։ Ի՞նչ է իրենից ներկայացնում վիտրաժային արվեստը, եւ որքանով է այն զարգացած մեր երկրում։ Irakanum.am-ը զրուցել է Լուսինե Հովհաննիսյանի հետ։ Վաղուց ե՞ք զբաղվում վիտրաժային աշխատանքներով։ Այո, բավականին։ Ինձ միշտ շատ դուր են եկել վիտրաժի տեխնիկայով արված աշխատանքները։ Սկզբում դրանով զբաղվում էի որպես հոբբի։ Այնուհետև՝ որպես մասնագիտություն: Երբ արդեն բավական հմտացա, հիմնեցի Palazzo di lusso (Շքեղության պալատ) ստուդիան, որտեղ վիտրաժային տեխնիկայով արված աշխատանքներով զբաղվելուն զուգահեռ՝ կատարում ենք նաև զարդերի պատրաստում, հագուստի մոդելավորում և ինտերիերի ձևավորում։ Միտում ունենալով է՛լ ավելի ընդլայնել այս ոլորտը՝ շուտով Երևանում կբացվի մեր ստուդիայի նոր մասնաճյուղը։ Ի՞նչ է իրենից ներկայացնում վիտրաժը։ Վիտրաժը ապակու վրա նկարչության յուրահատուկ ձև է, որը վերջին ժամանակներս հաճախակի է կիրառվում ինտերիերի դիզայնում ու տարատեսակ իրերին յուրօրինակ տեսք տալու համար։ Վիտրաժներ գոյություն են ունեցել դեռեվս Հին Եգիպտոսում (մ.թ.ա. II հազարամյակից) եվ Հին Հռոմում (մ.թ. I դարից)։ Դրանք լայն տարածում են ստացել միջնադարյան Եվրոպայում. 10-12-րդ դարերում ֆրանսիական ու գերմանական տաճարներում, 14-15-րդ դարերում՝ Անգլիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Լեհաստանում։ Այնուհետև վիտրաժը նոր լուծումներ է ձեռք բերել 19-20-րդ դարերում։ Այժմ վիտրաժի տեխնիկան հնարավորություն է տալիս ստեղծել զանազան զարդապատկերային ու սյուժետային կոմպոզիցիաներ։ Ի՞նչ աշխատանքներ եք արել մինչ այժմ։ Մեր ստուդիայում պատրաստում ենք հուշանվերներ՝ հիմնականում հայկական զարդանախշերով, վիտրաժային տեխնիկայով արված տարատեսակ զարդեր, բատիկայի տեխնիկայով արված հագուստներ, ջահեր, մոմակալներ, կենցաղում կիրառվող այլ բազմաթիվ իրերի վիտրաժային ձևավորում։ Կատարում ենք նաև բնակարանների և առանձնատների ինտերիերի ձևավորում վիտրաժային լուծումներով։ Հնարավորինս հաճախ կազմակերպում ենք նաև մեր աշխատանքների ցուցահանդես-ցուցադրություններ։ Որտե՞ղ է սպառվում ձեր ապրանքը։ Մեր աշխատանքները հիմնականում սպառվում են հուշանվերների խանութներում՝ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Ջերմուկ առողջարանային քաղաքում և Նորավանքի պատմամշակութային համալիր տանող ճանապարհի հուշանվերների խանութ-սրահում։ Ովքե՞ր են հիմնականում հետաքրքրված։ Կարելի է ասել, որ հետաքրքրված են արվեստը գնահատող ու սիրող բոլոր մարդիկ։ Առանձնապես բարձր են գնահատում ու յուրովի են արձագանքում հատկապես զբոսաշրջիկները, որը մեզ շատ է ոգեշնչում։ Դա է պատճառը, որ սկսեցինք կազմակերպել վիտրաժային տեխնիկայի վարպետության դասեր (мастер-классы) զբոսաշրջիկների համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր