00:00:00

Սոցիալական մեդիան միաձուլվելու է ավանդականին. Արմեն Սարգսյանը՝ Եվրասիական մեդիա ֆորումի քննարկմանը

19:42, 23 մայիս 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի շրջանակում մասնակցել է «Դեգլոբալիզացիա. աշխարհը զարգացման նոր մոդելների փնտրտուքում» խորագրով քննարկմանը։ Նախագահ Արմեն Սարգսյանը, քննարկման սկզբում անդրադառնալով դեգլոբալիզացիայի գաղափարին, նշել է, որ չի հավատում այդ եզրույթին: «Գլոբալիզացիան չի ավարտվել, այն շարունակվելու է եւ լինելու է ավելի արագ: Այն չի սկսվել այսօր, տարիներ կամ տասնամյակներ առաջ, այն սկսվել է հարյուրավոր, հազարավոր տարիներ առաջ՝ Մետաքսի ճանապարհից ու դրանից էլ առաջ: Աշխարհն այդ ժամանակ արդեն իսկ գլոբալիզացվել էր եւ գլոբալիզացիայի տարբերակներն այլ էին: Այսօր գլոբալիզացիան շարունակվում է»,- նշել է նա: Արմեն Սարգսյանը համաձայնել է քննարկման մասնակիցների հետ, որ գլոբալիզացիայի գործընթացում դժվարություններ կան տարբեր մակարդակներում, եւ այսօրվա կարեւորագույն հարցը վերաբերում է այդ գործընթացը կառավարելուն: «Հայաստանը փոքր պետություն է, բայց համաշխարհային ազգ, եւ կարծում եմ, որ մենք կլինենք այն ժողովուրդը, որը գիտի, թե ինչպես ադապտացվել: Ժողովուրդ, որը պատմության ընթացքում անցել է հսկայական ողբերգությունների միջով եւ կյանքը սկսել է նորից: Սա կարեւոր որակ է նոր աշխարհում, որտեղ ավելի քիչ են որոշակիություններն ու ավելի շատ են անորոշությունները»,- ասել է Հանրապետության նախագահը: Նա ընդգծել է, որ Հայաստանը եղել ու շարունակում է մնալ խաչմերուկում: «Հայաստանը խաչմերուկ է: Այդ պատճառով մեր երկիրը սովորել է աշխատել բոլորի հետ եւ սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության եւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների հետ: Սակայն, միեւնույն ժամանակ, Հայաստանը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, եւ ես այստեղ որեւէ հակասություն չեմ տեսնում: Ավելին, Հայաստանն ունի առավելություն, եւ միջազգային հանրությունը պետք է փորձի օգտվել այդ առավելությունից, քանի որ Հայաստանը միակն է, որը խորը հարաբերություններ ունի թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի եւ Եվրասիայի հետ: Ուստի ինչո՞ւ չօգտագործել որպես կամուրջ հանդես եկող Հայաստանի հնարավորությունները»,- նշել է Արմեն Սարգսյանը: Հանրապետության նախագահը պատասխանել է դաճլիում ներկաների տարաբնույթ հարցերին: Մասնավորապես, անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք սոցիալական մեդիան կարող է փոխարինել ավանդական մեդիային՝ նա նշել է. «Չեմ կարծում: Ի վերջո դրանք միաձուլվելու են: Ոչ թե մեկը փոխարինելու է մյուսին, այլ երկուսը դառնալու են մեկ ամբողջություն»: Նախագահը նկատել է, որ գլոբալիզացված աշխարհում սոցիալական ցանցերն այսօր միավորում են մարդկանց: Նա խոսել է համաշխարհային քաղաքականության քվանտային բնույթի մասին՝ նշելով, որ մեր օրերի քաղաքական առաջնորդները կարողանում են ճիշտ օգտվել նոր գործիքներից՝ սոցիալական ցանցերից: Պատասխանելով Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերություններին առնչվող հարցին՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ ներկայում երկու պետությունները բանակցություններ են վարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Նա հիշեցրել է, որ հայկական կողմից բանակցությունները վարում են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ արտգործնախարարը, իսկ ադրբեջանական կողմից՝ նախագահ Իլհամ Ալիեւն ու այդ երկրի ԱԳ նախարարը: «Ես իմ լիակատար աջակցությունն եմ ցուցաբերում խնդրի խաղաղ կարգավորմանը: Սակայն այս խնդիրը Հայաստանին չի հեռացնում՝ միջազգային հարաբերությունների, Եվրասիայի ու Եվրամիության միջեւ համագործակցության հարթակ լինելու հնարավորությունից»,- նշել է Արմեն Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր