00:00:00

Ծառուկյանին պատկանող հյուրանոցը դատի է տվել Երեւանի քաղաքապետարանին

02:14, 23 մայիս 2019

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ–ն հայց է ներկայացրել վարչական դատարան ՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի։ Նշենք որ դեռեւս նախորդ տարի քաղաքապետարանի որոշմամբ դադարեցվել էին  «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի, «Ա․Ա․Դ հոթել» ՓԲԸ-ի եւ Դավիթ Մանթաշյանի կողմից  Աբովյան փողոցի 5/1, 5/2 եւ 5/5 հասցեներում կառուցվող «Կեմպինսկի»  հյուրանոցային համալիրի շինարարական աշխատանքները։ Հայցվորները պահանջում են անվավեր ճանաչել քաղաքապետարանի՝ 2019թ. ապրիլի 4–ի վարչական ակտը, Երեւանի քաղաքապետի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 19-ին տրված շինարարության թույլտվություններում լրացում կատարել, ավելացնելով, որ վարչական ակտի անհապաղ կատարումն անհրաժեշտ է` ելնելով հանրային շահերից` գրավոր հիմնավորել այն։ NEWS.am–ի հետ զրույցում «Մուլտի Գրուպ Կոնցեռն»–ի ներկայացուցիչ Արմեն Օհանյանը նշեց, որ իրենք ավելի վաղ դիմել էին քաղաքապետարանին՝ պահանջելով շինարարության թույլտվություններում լրացում կատարել, ավելացնելով, որ վարչական ակտի անհապաղ կատարումն անհրաժեշտ է` ելնելով հանրային շահերից, սակայն  քաղաքապետարանը մերժել է «Մուլտի Գրուպ Կոնցեռն»–ի պահանջը, ինչից հետո հայցվորները դիմել են դատարան։ «Մի քաղաքացու բողոքի հիման վրա 100 միլիոնավոր դոլարների շինարարությունը մեկ տարի է կասեցված է։ Այսօր Աբովյան փողոցում մշտապես խցանումներ են, քանի որ  անորոշ ժամկետով շինհրապարակ է կազմակերպված, ինչի արդյունքում փողոցի մի մասը փակ է։ Ինտենսիվ երթեւեկության ժամերին խցանումներ է լինում,  իսկ այս պարագայում կարծում եմ առկա է նաեւ հանրային շահ»,–ասաց նա՝ նշելով, որ իրենց հայցը հիմնավոր է։ Հիշեցնենք, որ կառուցապատողների կողմից շինարարական նորմերի խախտումների հետ կապված քաղաքացի Աննա Մարտիրոսյանը դեռեւս նախորդ տարվա փետրվարին  հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան եւ պահանջել անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետի կողմից 2017 թվականի դեկտեմբերի 19-ին տրված շինարարության թույլտվությունը։ 2018թ. օգոստոսի 31–ին վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանը որոշում էր կայացրել Աննա Մարտիրոսյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի, երրորդ անձինք «Մուլտի Գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի, «Ա.Ա.Դ Հոթել» ՓԲԸ-ի եւ Դավիթ Մանթաշյանի, բավարարել, անվավեր ճանաչել քաղաքապետարանի կողմից տրված շինթույլտվությունը։ Որոշումը հայցվորները բողոքարկել էին վերաքննիչ ատյանում։ Վերաքննիչ վարչական դատարանը  2019թ. մարտի 5–ին որոշում էր կայացրել հայցվորների վերաքննիչ բողոքները բավարարել մասնակի՝ դատական ակտը բեկանել եւ նոր քննության ուղղարկել։ Ներկայումս հիշյալ գործը Վճռաբեկ դատարանում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր