00:00:00

Ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ այդ մարդիկ Հայաստանից հեռանան, որպեսզի դառնան աշխարհահռչակ երաժիշտ. վարչապետ

18:41, 25 ապրիլ 2019

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) եւ ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ եւ ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության տեղերը հաստատելու մասին որոշման նախագիծը: Վարչապետը հիշեցրեց, որ կառավարության գերակայությունը տեխնոլոգիական ոլորտում գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունն են: «Մենք ուշադիր պետք է լինենք, որ իներցիոն երեւույթները սովորական չդառնան: Երբեմն մենք չենք կարողանում հոդաբաշխ բացատրել, թե ինչու ենք այս ոլորտում այդքան անվճար տեղ հատկացնում»,- ասաց վարչապետը եւ հավելեց, որ չնայած դրան՝ իներցիան փոխելու համար որոշակի ճանապարհ պետք է անցնել հենց իներցիայի հետ: «Հաջորդ տարի այս որոշումը պետք է կայացվի բոլորովին ուրիշ վերլուծությունների հիման վրա, համալսարաններին նեղացնելու քաղաքականությունից պետք է դուրս գանք: Մի քիչ կոպիտ է ստացվում, բայց մեր երկրում համալսարանները մեր հանրությանը բավարար չափով նեղացրել են եւ պետք է ոչ ոքի տրամաբանությունից դուրս գանք և երկարաժամկետ մտածենք»,- ասաց վարչապետը: Նա նաեւ նշեց, որ համալսարաններն արդեն պետք է իշխանության ձեռքին գործիք չլինեն, ապաքաղաքականացվեն: «Մենք որոշակի երաշխիքներ պետք է ապահովենք, որ բուհն ավարտած ուսանողի աշխատանք գտնելու շանսերը բարձր լինեն, այսօր միջազգային ասպարեզում ներառված բուհերի համար դա կարևոր չափանիշ է: Մենք պետք է այս տրամաբանությամբ շարժվենք, այնպես որ, եկեք պայմանավորվենք, որ մենք այս որոշումը կայացրինք, քիչ թե շատ բնականոն ընթացքը ապահովեցինք, բայց պետք է նվիրվենք մյուս տարի այս նախագիծը բովանդակային առումով ձեւափոխելուն»,- ասաց վարչապետը: Նախարարը նշեց, որ մյուս բուհերի համար փոքր թիվ է կազմում նախատեսված փոփոխությունը եւ միայն արվեստի բուհերի առումով կարելի է նեղացրած համարել: Վարչապետն արձագանքեց, որ արվեստի բուհերին էլ պետք չէ նեղացնել, պետք է փիլիսոփայությունը փոխել. «Մշակութային քաղաքականությունը պետք է փոխենք եւ այլ տրամաբանության վրա դնենք: Օրինակ երաժշտության ասպարեզում մենք այսօր ունենք երիտասարդ այնպիսի անուններ, ինչպիսին օրինակ՝ Սերգեյ Խաչատրյանը, Նարեկ Հախնազարյանը եւ այլն: Մեզ պետք է մի պարզ հարցի պատասխան. ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ այդ մարդիկ Հայաստանից հեռանան, որպեսզի դառնան աշխարհահռչակ երաժիշտ: Մենք պետք է ստեղծենք պայմաններ, որպեսզի այստեղ մարդկանց հնարավորություն տանք, որ դառնան աշխարհահռչակ երաժիշտ»: Վարչապետը նշեց, որ արվեստի բուհերի խնդիրները նույն կառավարության խնդիրներն են: «Իսկ ո՞վ է ասել, որ արվեստի բուհերի խնդիրներն ավելի կարեւոր են արվեստի բուհերի համար, քան կառավարության համար, դրանք առնվազն նույն չափով կարեւոր են մեզ համար»,- ասաց վարչապետը եւ հավելեց, որ կրթությունը մեզ համար ռազմավարական ուղղություն է, եւ պետական ներդրումների ծավալները պետք է մեծացնեն, բայց պետք է առաջնորդվենք «ավելին՝ ավելիի դիմաց» սկզբունքով: «Փողից չպետք է սկսել խոսակցությունը, այլ թե ինչ խնդիր ենք լուծում»,- ասաց վարչապետը: Նախագիծն ընդունվեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր