00:00:00

Հերթական իշխանափոխությունից հետո Քաղաքացու օրը անվավեր կճանաչվի. ՀՀԿ-ականները տոնին չեն մասնակցի

23:57, 20 ապրիլ 2019

Մամուլը գրում է՝ իշխող քաղաքական ուժը Քաղաքացու օրվանից բացի՝ պատրաստվում է ապրիլի 23-ն էլ նշել, այսպես ասած, քեֆ-ուրախություն կազմակերպել: Հիշեցնենք՝ անցած տարի այդ օրը հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը: Մամուլում զետեղված հրապարակումներում նշվում է՝ ապրիլի 23-ի երեկոյան ՔՊ-ականները մեծ խնջույք են նախատեսում երևանյան հայտնի ռեստորաններից մեկում, իսկ վերջում, հնարավոր է, հրավառություն էլ լինի։ Հետաքրքիր է՝ ապրիլի 23-ին կամ Քաղաքացու օրը՝ ապրիլի 27-ին ի՞նչ են անելու ՀՀԿ-ականները, նշելո՞ւ են արդյոք։ Քամի որ իշխող քաղաքական ուծի ներկայացուցիչները միաբերան պնդում են՝ այս տոնը պիտի լինի բոլորի տոնը՝ անկախ կուսակցական պատկանելությունից, irakanum.am-ը փորձեց պարզել՝ ՀՀԿ-ականները այս տոնը նշելո՞ւ են։ Մեր թղթակցի հետ զրույցում ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը նշեց․ «Նիկոլ Փաշինյանի, այսպես կոչված, հեղափոխական իշխանությունը բացառիկ չէ իր ցանկության մեջ՝ ամրապնդել սեփական դերը պատմության էջերում նման օրացույցային նախաձեռնություններով։ Այդ ճանապարհով մինչև Նիկոլ Փաշինյանն անցել են Ռոբեսպիերը, Լենինը, Ստալինը․ ամեն հեղափոխությունից հետո փորձել են հեղափոխական փոփոություններ մտցնել օրացույցում, և այդ տեսակետից սա ժամանակավոր երևույթ է»։ Արմեն Աշոտյանը նշեց՝ հերթական իշխանափոխությունից հետո այդ օրենքը անվավեր են ճանաչելու։ «Ես կառաջարկեմ շարունակել իրենց այդ հեղափոխական էյֆորիայի մեջ վերաձևել օրացույցը․ կարելի է ամիսների անունները փոխել, օգտվել ֆրանսիական հեղափոխական օրացույցի կանոնակարգից և նման փոփոխություններ անել։ Ղեկն իրենց ձեռքում է այս պահին, և սա քաղաքական ամենաթողության հետևանքներից մեկն է։ Հատկապես զավեշտալի է այն, որ իրենք փորձում են պատմության մեջ իրենց անունը գրվի հենց իրենց իշխանության օրոք, և դրա պատասխանը տալու է պատմությունը հերթական իշխանափոխությունից հետո»։ Ըստ Արմեն Աշոտյանի՝ իրական, իսկական տոների համար, իհարկե, պետք է կազմակերպվեն միջոցառումներ, և դրանք պետք է կազմակերպվեն նաև պետական բյուժեի աջակցությամբ։ «Բայց, խնդիրն այս դեպքում հետևյալն է․ ի՞նչ քաղաքացու օր։ Այնքան արհեստական է այդ նախաձեռնությունը, որ անգամ հստակ օր չեն կարողանում ֆիքսել։ Ակնհայտ է՝ ինչի հետ են փորձում կապել։ Նույն հաջողությամբ կարող են թվարկությունը փոխել, մ․թ․ա-ն դարձնել Նիկոլ Փաշինյանից առաջ․․․ Բազմաթիվ բաներ կարող են անել։ Այսպես, այս էյֆորիկ փուլում ինչ ուզում, անում են, և հաջորդ իշխանությունների գործն է լինելու մաքրել այն ավգյան ախոռները, որոնք թողնելու է իրենից հետո Նիկոլ Փաշինյանը», - ասաց Արմեն Աշոտյանը։ Խոսելով ապրիլի 23-ի մասին՝ Արմեն Աշոտյանը նշեց՝ այս օրն իր համար և հազարավոր, տասնյակ հազարավոր քաղաքացիների համար մշտապես ասոցացվել է ջահերի երթի հետ, այդպես է լինելու նաև այս տարի։ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայան էլ, պարզվեց, դեռ տեղյակ չէ, որ, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ապրիլի 23-ը ՔՊ-ականները տոնելու են։ «Ապրիլի 23-ի հետ կապված՝ իսկապես, այդպիսի լուրե՞ր կան, ուզո՞ւմ են այդ օրով տոնե՞լ, ուրախությո՞ւն կազմակերպել, ի՞նչ ասեմ․․․»։ Մարգարիտ Եսայանը նշեց՝ այսօր Հայաստանում տիրող իրավիճակով շատ է մտահոգված։ «Մտահոգ եմ այն իմաստով, որ իսկապես, իշխանության են եկել մարդիկ, որոնք բացարձակապես չեն պատկերացնում պետության ու պետականության արժեքը, չեն հասկանում՝ դա ինչ է, և նույնը վերաբերում է այսպես կոչված՝ Քաղաքացու օրվան։ Դա սևերի և սպիտակների հերթական բաժանում է։ Մենք ունենք երկրի գլխավոր օրենքի՝ Սահմանադրության օր, Անկախության օր, այսիքն՝ դրանք, իսկապես, քաղաքացու օրեր են, ՀՀ քաղաքացու ինքնագնահատականի, ինքնադրսևորման, անկախ ու ազատ պետությունում ապրելու գնահատականը տալու օրեր են, և մենք նշում ենք այդ տոները։ Իսկ Քաղաքացու օր նշելը հերթական քայլ է՝ հասարակությանը բաժանելու մերոնց և ձեռոնց։ Այդ խելքով, տրամաբանությամբ, այդ պրիմիտիվ չարախնդությամբ ու չարությամբ այս ինշխանությունը երկար չի կարող գոյատևել։ Երկրի վարչապետը չի ընկալում, որ ինքը ամբողջ պետության, ամբողջ ժողովրդի վարչապետն է, և սա ամենաբնութագրականն է վատ իմաստով։ «Իշխող ուժ» ասվածի հետ կապված՝ պետք է նշեմ՝ ես այստեղ ուժ էլ չեմ տեսնում, դա քաքաղական միավոր էլ չէ․ այսօր Հայաստանում մեկ անձի իշխանություն է, և նրա շուրջը հավաքված այսպես կոչված՝ մի քանի ջահելների։ Քանի նրանք չեն գիտակցում, որ իրենք են պետության պատասխանատուն, ՀՀ ու Արցախի անխակության, անվտանգության պատասխանատուն, քանի Նիկոլ Փաշինյանը չի գիտակցում, որ ինքը ոչ միայն իր հետ «դմփ-դմփ, հու-հու» արածների վարչապետն է, այլև ՀՀ ամբողջ ժողովրդի, իրենք հեռու չեն կարող գնալ», - ասաց Մարգարիտ Եսայանը։ Նա նշեց՝ հասարակության մեջ բաժանարար գծեր դնելը որևէ պետությունում լավ ավարտ չի ունեցել։ «Այդ կարգի կոպիտ, գռեհիկ, անտրամաբանական բաժանարար գծերը միշտ էլ վատ հանգրվանի են բերում։ Համացանցը նայում եմ՝ ոմանք ասում են՝ 124 մլն դրամով (այն գումարը, որը տրամադրվել է պետական բյուջեից Քաղաքացու օրվա միջոցառումները նշելու համար- հեղ․) կարելի էր Գյումրիում 3-4 կամ 5 տուն գնել անօթևեանների համար։ Ճիշտ են ասում, բայց այս պահին ինձ ոչ թե գումարն է հետաքրքրում, այլ այն, որ այստեղ բարոյահոգեբանական խնդիր կա։ Այսօրվա իշխանությունը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այդպես էլ չհասկացավ, որ ինքը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վարչապետն է և հերթական անգամ բաժանեց սևերի ու սպիտակների, մերոնց ու ձեռոնց, իսկ դա ամենավտանգավորն է, թե չէ, կարող են մեկ լումա ծախսել, կարող են ասել 124 մլն, բայց ծախսել 224 մլն, չգիտեմ․․․ Այստեղ գումարը չէ խնդիրը։ Ցանկացած տոն, որը ժողովուրդը նշում է, պիտի դարձնի իրենը։ Հիմա եթե ես այդ օրը չեմ մասնակցել այդ «դմփ-դմփ, հու-հու»-ին, այդ օրը համարում եմ ՀՀ-ի համար շատ վտանգավոր, անհասկանալի զարգացումներով ու հեռանկարներով օր, ես ինչո՞ւ պիտի նշեմ այդ տոնը, որ մեր պետականությունը մի քանի քա՞յլ հետ գնաց, որ մեր հասարակությունը վերջապես դարձել էր ավելի հանդուրժող, միատարր, միասնական՝ Արցախի խնդում և այլ հարցերում, այսօր նորից բաժանվեն սևերի ու սպիտակների՞, որ բաժանվեն զոմբիների և տրամաբանող մարդկա՞նց, որ բաժանվեն ադեկվատների և հայհոյանքներով խոսող հասարակությա՞ն, դրա համա՞ր պիտի ուրախանամ։ Ես չեմ կարող դրա համար ուրախանալ։ Դրա համար պիտի համբերեին, տեսնեին՝ այդ օրը դառնո՞ւմ է արդյոք համաժողովրդական օր, և հետո նոր նշեին կամ չնշեին։ Այդ նույն սցենարի մեջ է նաև «հեղափոխության թանգարան» կոչվածը, և տեսանք՝ ԵԽԽՎ-ում՝ Ստրասբուրգում ինչպիսի խայտառակ ցուցահանդես էին ներկայացրել․ դա զավեշտ է։ Իսկ ամենակարևորը, ամենացավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ, ընդ որում՝ ապրիլ ամսին ելույթ ունեցավ ԵԽԽՎ-ում և ամբողջ ելույթի ընթացքում որևէ բառ չասաց Հայոց ցեղասպանության մասին։ Ես չեմ զարմանա, որ ապրիլի 23-ին էլ իրենք քեֆ անեն, որովհետև իրենց՝ հողի, հայրենիքի, երկրի զգացողությունը բոլորովին այլ է, նրանք չունեն այդպիսի զգացողություն, և չունեն պատմության զգացողություն», - եզրափակեց Մարգարիտ Եսայանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր