00:00:00

Ի՞նչ որոշում է կայացնելու Փաշինյանը․ ուշագրավ զարգացումներն առջևում են

03:11, 19 ապրիլ 2019

ԱԱԾ-ն պաշտոնապես հաստատել է, որ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին: Ըստ ԱԱԾ-ի՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՊՎԾ ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Քննիչի կողմից այսօր որոշում է կայացվել ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին, որն ուղարկվել է Հայաստանի վարչապետին: Նիկոլ Փաշինյանը դեռեւս չի արձագանքել կատարվածին։ Փոխարենը Դավիթ Սանասարյանը իր դեմ հարուցված քրեական գործը որակել է շինծու։ «Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի»,- մասնավորապես գրել է Սանասարյանը։ Լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում տեղի ունեցածն արդեն իսկ լայն արձագանք է գտել։ Ուշագրավ են հատկապես թավշյա հեղափոխությանը ակտիվ մասնակցություն ունեցած քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների արձագանքը։ Նախ նշենք, որ նրանցից շատերն այսօր տեղ ունեն պետական ապարատում։ Գրառումների մեծ մասը վերաբերում է նրան, որ իրավապահներից պահանջվում է մանրակրկիտ ուսումնասիրել գործը, միաժամանակ տեսակետներ հնչեցնելով, որ Դավիթ Սանասարյանը անմեղ է։ Այս դեպքում նույն գրառումների հեղինակների կարծիքով պետք է բարձրացնել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի հարցը։ Դավիթ Սանասարյանի մեղավոր կամ անմեղ լինելն, իհարկե, դատարանի քննելիքն է, և կասկած չկա, որ ճշմարտությունը լիարժեքորեն «ջրի երես է դուրս գալու», սակայն այստեղ հարցը ոչ միայն խնդրի իրավական կողմն է, այլև դրա քաղաքական երեսը: Հետագա զարգացումներն այս առումով առավել քան կարեւոր են, սակայն այս ամենում խիստ էականն այն է, որ նոր Հայաստանում սեփական օրենքի առաջ հավասար են բոլորը, անկախ զբաղեցրած դիրքից եւ պաշտոնից։ Ակնհայտ է, որ իրավապահ մարմինների գործողությունները ողջունելի են, այն առումով, որ նրանք նախկինի նման աչք չեն փակում յուրայինների կատարած ապօրինությունների վրա։ Միաժամանակ ներկա զարգացումներն ունեն նաեւ խնդրի այսպես ասած տխուր, կոտրվող կողմը։ Թավշյա հեղափոխությունից հետո հայ հասարակությունը լիահույս էր, որ նախկինների արատավոր բարքերն այլեւս անցյալում են, որ կոռուպցիան եւ կաշառակերությունը տեղ չունեն նոր Հայաստանում։ Նշենք, որ առողջապահության փոխնախարարից հետո Դավիթ  Սանասարյանը հերթական բարձրաստիճան պաշտոնյան է, ում նկատմամբ գործ է հարուցվում, մեղադրանք առաջադրվում:  Կա արդյո՞ք հաջորդը, առայժմ դժվար է ասել, սակայն պատմության մեջ բազմաթիվ են  դեպքերը, երբ «հեղափոխությունը խժռում է իր զավակներին»։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր