00:00:00

«Կտամ չանեդ կծռեմ». ԱԺ պատգամավորը՝ ուսանողին

23:38, 19 մարտ 2018

ԱԺ «Ծառուկյան խմբակցության պատգամավոր, դասախոս Գեւորգ Պետրոսյանը սպառնացել է  ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Արմեն Գալջյանին: Նշենք, որ Պետրոսյանը դասավանդում է այդ համալսարանում: Միջադեպը տեղի է ունեցել այսօր: «Դասը սկսվելու ժամանակ ինքը պահանջեց, որ բոլոր չսափրված ուսանողները դուրս գան լսարանից, եւ բոլոր չսափրված ուսանողները  դուրս եկան լսարանից, բացի ինձանից: Նա տեսնելով դա ինձանից նույնպես պահանջեց, որ դուրս գամ: Ես ասեցի, որ չեմ լքի լսարանը: Նա նորից պահանջեց, դարձյալ դուրս չեկա»,- Irakanum.am-ի հետ զրույցում պատմեց ուսանողը: Այդ ժամանակ նա Գեւորգ Պետրոսյանից պահանջել է ներկայացնել իրավական փաստաթուղթ, համաձայն, որի իրավունք ունի դասախոսն իրեն դուրս հրավիրել լսարանից: Պետրոսյանը որպես իրավական փաստաթուղթ մատնանշել է ուսանողի չսափրված լինելը: Արմենը կրկնել է, որ նման կարգ գոյություն չունի: «Նա բնականաբար չկարողացավ իրավական հիմք բերել եւ ինձ դուրս հրավիրեց լսարանից: Մենք միասին դուրս եկանք, թեւիցս բռնեց ասեց կգնաս դեկանի մոտ եթե թույլ կտա՝ կներկայանաս դասին: Ես գնացի դեկանի մոտ, ներկայացրեցի իրավիճակը: Խոսեցինք, ասեցի, որ նման իրավական հիմք չկա: Դեկանը համաձայնեց, ասել է, որ ուղղակի պետք է կոկիկ ներկայանալ»,- փոխանցեց ուսանողը: Դեկանը ուսանողին հայտնել է, որ կարող է մասնակցել դասին: Արմեն Գալջյանը գործավարի ուղեկցությամբ լսարան է մտել: Գեւորգ Պետրոսյանն այդ ժամանակ դարձյալ դիմել է ուսանողին, թե այս անգամ դասին կմասնակցես, բայց մյուս անգամ սափրված կներկայանաս: «Ես ասեցի չգիտեմ, ոնց կորոշեմ: Նա դրանից ավելի բորբոքվեց եւ միասին գնացինք դեկանի մոտ: Այնտեղ նա ներկայացրեց, թե ասել եմ կուզեմ կսափրվեմ, կուզեմ՝ ոչ: Հետո ինձ ասում է, դու գիտես ես ո՞վ եմ»: Ուսանողը պատասխանում է, որ ճանաչում է Գեւորգ Պետրոսյանին:  Նա ԱԺ պատգամավոր է, եւ դասախոս: «Պատգամավորը ինչ կապ ունի, հիմա կտամ չանեդ կծռեմ, ասում է ինձ դեկանի ներկայությամբ: Երկու անգամ է ասում դա»,- ասաց ուսանողը: Ապա դեկանը եւ Գեւորգ Պետրոսյանը առանձնացրույց են ունենում: Դրանից հետո մի քանի անգամ փորձ է արվում ուսանողին արգելել մտնել լսարան: Բայց ի վերջո Արմենը մասնակցում է դասապրոցեսին: «Ինքը նաեւ նշեց, որ քննության ժամանակ իմ նկատմամբ օբյեկտիվ մոտեցում է ցուցաբերելու, մյուսների՝ սուբյեկտիվ: Ինձ ասեց կարող է մյուսներին առանց պատասխանելու նշանակեմ, իսկ քեզ՝ ոչ»,- նշեց Արմենը: Հավելենք, որ Արմեն Գալջյանը ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականն է խորհրդարանում: Irakanum.am-ը պատրաստ է ներկայացնել նաեւ Գեւորգ Պետրոսյանի տեսակետը: Փայլակ Ֆահրադյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր