00:00:00

Ի՞նչ կարող է լինել, եթե Ֆեյսբուքում ընդունել եք անծանոթի կամ ֆեյքի ընկերության հայտը

02:52, 11 ապրիլ 2019

Ինչպես հայտնել ենք, Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Դուխով Հայաստան» ֆեյք էջի համակարգողներից մեկը կալանավորվել է։ Նրա նկատմամբ դատարանի որոշմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Երեկ Tert.am-ի հետ զրույցում ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը նշել էր՝ հարուցվել է գործ՝ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ ՀՀ ՔՕ 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը, որը կատարվել է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով։ irakanum.am-ի հետ զրույցում տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց՝ Ֆեյք հասկացությունը մի քիչ կեղծ կատեգորիա է, քանի որ ինտերնետում ֆեյք-ոչ ֆեյք հասկացությունը կա միայն Ֆեյսբուքում։ «Օրինակ, Թվիթերը չի պահանջում, որպեսզի անուն, ազգանունով գրանցվեն։ Եվ, ընդհանրապես, ինտերնետի զարգացման ընթացքում ընդունված բան է եղել այն, որ մարդիկ հանդես են եկել նաև կեղծանուններով։ Դա ո՛չ լավ է եղել, ո՛ վատ, պարզապես Ֆեյսբուքն իր գովազգային հարթակն օգտագործելու համար սկսել է մարդկանցից պահանջել, որպեսզի նրանք իրենց անուն, ազգանունով, տվյալներով գրանցվեն։ Ու այս ամենը վերջում վերածվել է նրան, որ ով իր անունով, ազգանունով գրանցված չէ, անունը դրվել է ֆեյք։ Հարցը նրանում է՝ ուղղորդված, մանիպուլիատիվ տեղեկատվությո՞ւն է տարածում ինչ-որ աղբյուր, թե՞ ոչ․ դա անվանենք ֆեյք, ֆեյք նորություն։ Իսկ ֆեյք նորությունը կարող են տարածել ինչպես կեղծանունով, այնպես էլ ռոել օգտատերոջ կամ լրատվամիջոցների միջոցով։ Եկե՛ք հավաձայնենք, որ ՀՀ-ում կան այնպիսի լրատվամիջոցներ, որոնք ակնհայտ ֆեյք նորություններ են տարածում և չեն էլ ամաչում։ Եվ դա անում են անընդհատ, ոչ թե մեկ- երկու անգամ», - ասաց Սամվել Մարտիրոսյանը։ Նա նշեց՝ դժվար է միանգամից հասկանալ՝ տվյալ նորությունը ֆե՞յք է, թե՞ ոչ։ «Դա բավական բարդ երևույթ է։ Ֆեյք նորություններ ստեղծողները բավական հմուտ են, բացյ այդ՝ միշտ չէ, որ ամբողջ նորությունն է ֆեյք․ գուցե, մի հատված է միտումնավոր կեղծվել, իսկ մնացածը՝ մոտ 90 տոկոսով, կարող է ճշգրիտ տեղեկատվություն լինել։ Վերնագիրը ևս կարող է մանիպուլյատիվ լինել, այսինքն՝ սա բավական լուրջ տիրույթ է, ուստի մեկ հայացքով գրեթե անհնար է իմանալ՝ տվյալ նորությունը ֆե՞յք է, թ՞ե ոչ․ իհարկե, ասվածը չի վերաբերում այն պրիմիտիվ նորություններին, որոնց դեպքում կարելի է միանգամից հասկանալ, որ դա ֆեյք նորություն է․ նման դեպքերում հաճախ գրում են՝ սկանդալ, շտապ տարածել․․․ Այսպիսի աչք ծակող բաներ կան։ Իսկ ֆեյք լուրեր պարզելն այսօր մասնագիտություն է։ Շատ խմբագրություններում այսօր աշխատում են մարդիկ, որոնք տվյալների ստուգման վրա են հմտացված», - ընդգծեց Սամվել Մարտիրոսյանը։ Նա շեշտեց՝ հանրության շրջանում մեդիագրագիտությունը զարգանում է, բայց մենք ունենք ներքին տեղեկատվական հակամարտություն՝ հատկապես քաղաքական, որի հետևանքով ռեսուրսներ են ներդրվում ապատեղեկատվություն տարածելու համար։ «Ապատեղեկատվություն տարածող միջոցները շատ են․ դրանց քանակն, իսկապես, ավելացել է, այնպես որ, մեդիագրագիտությունը զարգացել է, բայց ֆեյք նորությունների թիվն էլ է աճում», - ասաց Սամվել Մարտիրոսյանը։ Հարցին՝ եթե ֆեյքն ընկերության հայտ է ուղարկում, անհրաժե՞շտ է խուսափել՝ չընդունելով ընկերության հարտը, Սամվել Մարտիրոսյանը պատասխանեց․ «Ֆեյք ընկեր ունենալը կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ միշտ չէ, որ այդ ֆեյքերը գովազդային են կամ քաղաքական։ Օրինակ՝ նա կարող է ներբեռնել այն նկարները, որոնք մարդիկ դնում են միայն ընկերների համար․ դրանք լայն տարածում գտած նկարներ չեն։ Այդ նկարները ֆեյքը հետագայում կարող է օգտագործել նոր ֆեյք ստեղծելու համար։ Այսինքն՝ ֆեյքի ընկերության հայտն ընդունելիս պետք է հիշել՝ նա կարող է տեսնել Ձեր որոշակի անձնական տվյալները»։ Սամվել Մարտիրոսյանը նշեց՝ այս հարցում կարևոր է հաշվի առնել, թե մարդը սոցիալական ցանցն ինչի համար է օգտագործում։ «Կան մարդիկ, որոնց համար սոցցանցը ընկերների հետ շփվելու միջոց է, ուստի բացարձակ իմաստ չունի այս դեպքում ընկերանալ անծանոթների հետ։ Կան մարդիկ, որոնց համար սոցցանցը հանրային հարթակ է։ Նրանք կարող են լինել հանրային կամ քաղաքական գորչծիչներ․ նրանց դեպքում իրավիճակը տարբերվում է։ Այդ մարդիկ շատ դեպքերում նույնիսկ ստիպված ընդունում են ընկերության հայտերը», - նշեց Սամվել Մարտիրոսյանը։ Անդրադառնալով «Դուխով Հայաստան» ֆեյք էջի համակարգողներից մեկի կալանավորման փաստին ու այս գործին ԱԱԾ-ի ներգրավվածությանը՝ Սամվել Մարտիրոսյանը նշեց․ «Իմ կարծիքով դա մի քիչ պրոբլեմ է, որովհետև, իսկապես, կարող է լուրջ խնդիր դառնալ։ Շատ դեպքերում հերիք է, օրինակ, ոստիկանության ներգրավոււմը։ Իսկ ԱԱԾ-ն շատ սպեցիֆիկ կառույց է, կարծում եմ՝ ԱԱԾ-ն պետք է վերջում խառնվի։ Փաստորեն, սա ֆեյքերի դեմ պայքարի առաջին գործողությունն էր՝ հենց ԱԱԾ-ով։ Ամեն ինչ պետք է մեղմ արվի, որովհետև գործիքների կիրառումն ազդում է նաև բովանդալկության վրա, որովհետև պայքարի մեջ են մտնում միանգամից ամենալուրջ գործիքակազմով։ Հատուկ ծառայությունները այսպես ասած՝ դիտվում են որպես ոչ միանշանակ երևույթ, որովհետև վերջիվերջո, մենք հիմա չգիտենք՝ ով է այն մարդը, ում կալանավորել են, անհասկանալի է, թե ինչու է այդ մարդը կալանավորված, որովհետև դա այն տիպի հանցանք չէ, որի համար նա պիտի ազատազրկվի մինչև դատը։ Ինձ հետաքրքիր է, թե այս ամենի նկատմամբ ինչպիսին կլինի միջազգային կառույցների արձագանքը, քանի որ սա կարող է դիտվել որպես վատթարացում՝ խոսքի ազատության հետ կապված։ Կարող է և չդիտվել․ դա կախված է գործողություններից և այլն», - եզրափակեց Սամվել Մարտիրոսյանը։ Irakanum.am-ը հետախոսակապ հաստատեց նաև ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանի հետ՝ փորձելով պարզել՝ այս ընթացքում ուրիշ ֆեյք էջ կամ դրանց համակարգողներից հայտնաբերվե՞լ են՝ բացի «Դուխով Հայաստան» էջի համակարգողից։ Պատասանելով մեր հարցին՝ Սամսոն Գալստյանը նշեց․ «Ուրիշ տեղեկատվություն չունենք մամուլին փոխանցելու»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր