00:00:00

Արա Բաբլոյանն ընդունել է Լեհաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը

23:30, 19 մարտ 2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 19-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի պատվիրակությանը: Ողջունելով լեհ խորհրդարանականներին ՀՀ Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը կարևորել է երկու խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը, որի ընթացքում քննարկվել են բազմաթիվ առանցքային հարցեր: ՀՀ ԱԺ նախագահի խոսքով՝ հայ-լեհական միջխորհրդարանական հարաբերությունների օրակարգը տարեցտարի դառնում է ավելի ընդգրկուն: Նա հույս է հայտնել, որ լեհ խորհրդարանականների այցը կնպաստի հարաբերությունների առավել սերտացմանը: Արա Բաբլոյանը բարձր է գնահատել Լեհաստանի Հանրապետության Սենատի կողմից բանաձևի միաձայն ընդունումը, որը վերաբերում է Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծի կողմից հայերին տրված հատուկ արտոնությունների 650-ամյակին: ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների միջև համագործակցության զարգացման անհրաժեշտությունը, ինչպես նաև խորհրդարանական բարեկամական խմբերի հարաբերությունների սերտացումը: Խորհրդարանի ղեկավարն արժևորել է Լեհաստանի կառավարության կողմից Լվովի հայկական եկեղեցու վերանորոգումը: Լեհաստանի Հանրապետության արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատվիրակության այցը գնահատել է արդյունավետ՝ նշելով, որ երկու հանձնաժողովների համատեղ նիստն ուներ հարուստ օրակարգ, քննարկվել են հետագա փորձի փոխանակման հեռանկարները: Մարեկ Ռոցկին կարևորել է Լեհաստանի և Հայաստանի համագործակցությունը ԵՄ-ի շրջանակում և Արա Բաբլոյանին ներկայացրել իր երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհը: Նա նշել է, որ իր երկրում կարևորում են հայերի ներկայությունը, չեն պատկերացնում Լեհաստանն առանց հայերի և ուրախ են ԵՄ-ի հետ ստորագրված համաձայնագրի կապակցությամբ: Մարեկ Ռոցկու խոսքով՝ Լեհաստանը պատրաստակամ է նպաստել համաձայնագրի վավերացման գործընթացի արագացմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր