00:00:00

ՀՀ ԿԳ նախարարը դեսպան Էրլունի հետ քննարկել է ոլորտում հայ-չինական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

00:21, 09 ապրիլ 2019

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ: ԿԳ նախարարն իր խոսքում ընդգծել է, որ կրթության համակարգում Չինաստանի հետ ձևավորված արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունն ունի ընդլայնման մեծ հնարավորություններ: Անդրադառնալով չինական կողմի հետ վերջին մեկ տարվա ընթացքում իրականացվող ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ մեր երկրում մեծ հետաքրքրություն կա չինարեն լեզվի և մշակույթի ուսումնասիրման նկատմամբ, որի դրսևորումներից է «Հայ-չինական բարեկամության դպրոցի» բացման ժամանակ արձանագրված դիմորդների աննախադեպ ակտիվությունը: Նախարարի խոսքով` վերջին տարիներին նկատելիորեն մեծացել է նաև հայ երիտասարդների հետաքրքրությունը Չինաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթության ստանալու նկատմամբ: Նախարար Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ գիտության ոլորտում ևս առկա է համագործակցության ընդլայնման մեծ ներուժ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականությանն ուղղված ծրագրերի հետ կապված: Այս համատեքստում Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ մայիսին հրավիրված է մասնակցելու Պեկինում կայանալիք «Արհեստական բանականության» միջազգային համաժողովին, որն իր հերթին կնպաստի այս ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացմանը: Դեսպան Թիան Էրլունը շեշտել է հայ-չինական կրթական համագործակցության արդյունավետությունը և պատրաստակամություն հայտնել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առկա ծրագրերն իրագործելու և ընդլայնելու ուղղությամբ: Այս համատեքստում, մասնավորապես, կարևորվել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում գործող Կոնֆուցիուսի ինստիտուտի չինարենի ուսուցման կենտրոնի ընդլայնման հնարավորությունը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-չինական փոխգործակցության աշխատանքային մի շարք այլ հարցերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր