00:00:00

Միջուկային էներգիան չենք կարող անտեսել միայն այն պատճառով, որ վախենում ենք դրանից. Արմեն Սարգսյան

23:32, 06 ապրիլ 2019

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում, այսօր մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արեւելքին եւ Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպման քննարկումներից մեկին, որը կրում էր «Նոր էներգիա Մերձավոր Արեւելքի համար» խորագիրը: Քննարկման ընթացքում նախագահը խոսել է ժամանակակից աշխարհում առկա էներգիայի աղբյուրների մասին՝ այս համատեքստում կարեւորելով բնական միջավայրը չվնասելու սկզբունքը: Որպես էներգիայի աղբյուր՝ խոսելով ածուխի, նավթի ու գազի մասին՝ նախագահ Արմեն Սարգսյանը կարեւորել է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ պետք է օգտագործել միջուկային էներգետիկան: «Միջուկային էներգիան կարեւոր է: Մեր անցյալը սեւ էր, քանի որ մենք այրում էինք ածուխը, օրգանական հանածո վառելիքները, այսօրվա մեր մոխրագույն ներկայությանը մենք փորձում ենք վերականգնվող էներգիայի միջոցով կանաչ գույն ավելացնել, որպեսզի ունենանք բացարձակ կանաչ եւ հիասքանչ ապագա: Հարցն այն է, թե արդյոք միջուկային էներգիան լինելու է դրա մասը, թե ոչ: Իմ անձնական կարծիքով այն պետք է լինի, քանի որ դա կարագացնի այդ գործընթացը: Ոչ ոք մաթեմատիկական հաշվարկ չի արել, թե ինչ վնասներ ենք հասցնում մոլորակին, շրջակա միջավայրին ու կլիմային վառելիք ու ածուխ այրելով: Կլիմային հասցվող վնասները հսկայական ազդեցություն են գործելու մոլորակի վրա»,- նշել է Արմեն Սարգսյանը: Նրա համոզմամբ՝ միջուկային էներգիան ունի ապագա: «Հայաստանը շատ երկրների նման ունի խիստ հավասարակշռված էներգետիկ պորտֆոլիո`սկսած ատոմային էլեկտրակայանից: Սա Խորհրդային Միության ժամանակներում կառուցված կայան է, որն այս ամբողջ տարիների ընթացքում նորմալ աշխատել է, կանգուն է մնացել երկու մեծ երկրաշարժերից հետո: Մենք Հայաստանում եւս առաջ ենք մղում վերականգնվող էներգիան: Հայաստանն արտահանում է էլեկտրականություն»,- ներկայացրել է Արմեն Սարգսյանը: Որպես էներգետիկայի աղբյուր՝ նա խոսել է ջրի մասին: «Ուզում եմ խոսել ջրի մասին՝ որպես բնական ռեսուրս: Այն շատ կարեւոր է: Բոլոր երկրները, որոնք խոսում էին հարուստ բնական պաշարներ ունենալու մասին, հարուստ էին արեւով, քամիով, նավթով, սակայն ոչ ջրով: Մինչդեռ ջուրը խիստ կարեւոր է, քանի որ 50-100 տարի անց այն լինելու է էներգիայի աղբյուր: Այն օգտագործելու ենք ոչ միայն խմելու, այլեւ էներգիա ստեղծելու համար: Ես Հայաստանը համարում եմ Մերձավոր Արեւելքի մի մաս: Թեպետ Հայաստանը չունի նավթ եւ գազ, սակայն այն ունի ջրի հսկայական ռեսուրսներ: Ցավոք սրտի, մենք հավանաբար օգտագործում ենք ջրի մեր պաշարների 10-20 տոկոսը, իսկ մնացած մասը վատնվում է: Ջուրը կարեւոր է»,- ասել է Հանրապետության նախագահը: Նա հայտարարել է, որ եթե դրամատիկ փոփոխություններ կամ քայլեր չանենք, ճանապարհը ածուխից հրաժարվելու եւ վերականգնվող էներգիային անցնելու շատ երկար կլինի, եւ այդ ընթացքում մենք կվնասենք միջավայրն ու կլիման: «Իսկ կլիմային հասցնող վնասները պասիվ վնասներ չեն լինելու, դրանք դրամատիկ են լինելու՝ առաջացնելով երաշտներ, խնդիրներ սննդի հետ կապված, կպակասի ջուրը, ավելի շատ անապատներ ու ցունամիներ կլինեն: Մենք պետք է փորձենք գտնել այլ լուծումներ եւ այդ լուծումները կարող են ավելի շատ հիմնված լինել հիդրոէներգիայի, նոր տեխնոլոգիաների վրա: Պետք է օգտագործվեն նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը: Սրանք փոքր դետալներ են, որոնք վաղը՝ 21-րդ դարում կարեւոր են լինելու: Մենք չենք կարող ուղղակի անտեսել միջուկային էներգիան միայն այն պատճառով, որ վախենում ենք դրանից: Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ մենք չունենք շատ ժամանակ: Մենք պետք է զուգահեռ գործընթացներ իրականացնենք՝ ոչ միայն պայքարենք ածուխի օգտագործման դեմ, այլեւ ավելի ճիշտ օգտագործենք նավթն ու գազը, օգտագործենք վերականգնվող էներգիան, հիդրոէներգիան, միջուկային էներգիան ու առավելագույնս օգտագործենք նոր տեխնոլոգիաները, տվյալների կառավարումը,քանի որ մենք շատ ժամանակ չունենք»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր