00:00:00

Մեր բարեկամության լավագույն վկայությունը Հորդանան գետի ափին հայկական եկեղեցին է. ՀՀ նախագահը՝ Հորդանանի թագավորին

21:29, 06 ապրիլ 2019

Աշխատանքային այցով Հորդանանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի հետ։ Թագավոր Աբդալլահ Երկրորդը, ողջունելով Հայաստանի նախագահին, մեծագույն հարգանքով է խոսել հայ ժողովրդի մասին եւ նշել, որ երկու երկրների ու բարեկամ ժողովուրդների միջեւ եղել են շատ խորը կապեր եւ պատմականորեն ձեւավորված բարեկամություն։ Աբդալլահ Երկրորդը հատկապես ընդգծել է հորդանանահայ համայնքի կարեւոր դերը երկրի կյանքում։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար: Ընդգծելով թագավոր Աբդալլահ Երկրորդի, ինչպես նաեւ նրա հոր ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ-հորդանանյան բարեկամության լավագույն վկայությունը Հորդանան գետի ափին վեր խոյացող հայկական եկեղեցին է։ Հայաստանի նախագահը եւ Հորդանանի թագավորը ջերմ ու բարեկամական մթնոլորտում անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների զարգացման եւ փոխշահավետ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին: Նախագահ Սարգսյանի խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հարուստ չլինելով բնական ռեսուրսներով՝ Հայաստանը եւ Հորդանանը կարեւորում ու գնահատում են մարդկային ռեսուրսները։ Հայաստանի նախագահը եւ Հորդանանի թագավորը համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, եւ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության ոլորտներում։ Հորդանանի թագավորն ասել է, որ առաջիկայում Հայաստան կգործուղի պատվիրակություն՝ տեղում փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։ Հայաստանի նախագահը հրավիրել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիին այցելել Հայաստան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր