Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Սպայկա» ՍՊ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Նշենք, որ ՊԵԿ քննչական վարչության քննիչը Ղազարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան:
NEWS.am-ի հետ զրույցում Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը հայտնեց, որ դատարանը որոշումը կհրապարակի ապրիլի 8-ին ժամը 10:00-ին:
Կալանքի միջնորդության քննության ժամանալ դատարանի շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ընկերության մոտ 500 աշխատակից: Նրանք պահանջում էին՝ անհապաղ ազատ արձակել Ղազարյանին:
Հիշեցնենք, որ առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի կապակցությամբ հարուցված քրեկան գործի շրջանակում 2019թ. ապրիլի 4-ին Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չվճարելը) հատկանիշներով։
Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք եւ հարկ: