00:00:00

Գազալցակայանների տերերը սադրանքը․ կոշտ զրույց կառավարությունում

15:58, 04 ապրիլ 2019

ՀՀ Կառավարության այսօրվա նիստի սկզբում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը վարչապետ Նիկոոլ Փաշինյանն անդրադարձավ վերջին օրերի խնդրին, որ գազալցակայաններում գազի թանկացում է տեղի ունեցել: «Ես հրավիրել եմ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար պարոն Կոտոլյանին, որպեսզի մեզ տեղեկատվություն տա, թե ինչ է կատարվում»,- ասաց Փաշինյանը: Կոտոլյանը նշեց, որ որպես այդպիսին՝ գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել: Ուղղակի խնդիրն այն է, որ ամսական միջին հաշվարկներով վերջին տարիներին գազի խտությունը եղել է 7.1, վերջին երեք-չորս օրվա ընթացքում Գազպրոմ Արմենիայից գազի միջին խտությունը գալիս է 7.9-ով, այսինքն՝ աճել է: Ըստ Կոտոլյանի, հետևաբար, տնտեսավորղներն իրենց ծրագրային փոփոխությունների մեջ դա պետք է ներառեին, ինչը չեն արել: Հետևաբար, սպառողները ստիպված են եղել ավելի գումար վճարել: Նա ասաց, որ Շուկայի վերահսկողության մարմինը բոլոր տնտեսվարողներին կոչ է արել, որ փոփոխություն կատարեն իրենց մոտ և ճիշտ խտություն տեղադրեն, որպեսզի սպառողները ստիպված չլինեն ավելի գումար վճարելու: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ այդ ծրագիրը չեն մտցրել: Կոտոլյանն էլ պատասխանեց, որ ԱԳԼՃԿ-ների ղեկավարների հետ զրույց են ունեցել, խնդրել են, որ ամեն օր հստակ գազի խտություն ներմուծեն ծրագրի մեջ: «Այսինքն՝ դա որակում ենք որպես միտումնավոր կամ ոչ միտումնավոր չարաշահում»,- ասաց Կոտոլյանը: «Պարոն Անանյան, սա կարո՞ղ է կապ ունենալ այն գործընթացի հետ, որ վերջին մեկ տարվա ընթացքում մենք իրականացնում ենք, այն է՝ գազալցակայաններում ստվերի կրճատման և չարաշահումների դեմ պայքարը: Այսինքն՝ հնարավո՞ր է, որ գազալցակայանների տերերն այսպիսով փորձում են ինչ-որ պրովոկատիվ գործարքներով իրենց խելքով որոշակի դժգոհություն հարուցել: Կարո՞ղ է այդպիսի սցենար լինել»,- ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին դիմեց վարչապետը: Անանյանն ասաց, որ տեսականորեն հնարավոր է: Նրա խոսքով՝ գազալցակայանների աշտարակները դեռևս 2008 թվականից ընդունված կառավարության որոշմամբ հնարավորություն ունեն և կիլիոգրամներով, և մետր խորանարդներով ցուցմունքներ ապահովել: Բայց այդ խտության ցուցմունքն ամեն օր առավոտյան մարդկային գործոնով է պայմանավորված: Այսինքն, ըստ Անանյանի, ամեն առավոտ համակարգիչ մուտք է արվում խտության գործակից: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ մանիպուլյատիվ լուրեր էին տարածվում, թե իբր կառավարության որևէ գործողության արդյունքում գազի գինը փոխվել է: Եվ դա է պատճառը, որ այս ամենը տեղի է ունեցել: Փաշինյանն ասաց, որ ուզում է արձանագրել՝ որևէ նման գործողություն տեղի չի ունեցել: Երկրորդ, նրա խոսքով, նույնիսկ մանիպուլյատիվ տեղեկատվություն կար, թե իբր կառավարությունն այն օրենքի նախագիծը, որն ընդունել է, այդ օրենքի հետ է կապված: «Ես ուզում եմ ասել, որ նախ այդ օրենքը ԱԺ-ում ընդհանրապես դեռ չի քննարկվել, երկրորդ, մեր փորձագիտական գնահատականերով՝ այդ օրենքը չի կարող գազի գնի փոփոխման պատճառ դառնալ: Հետևաբար, ես ինչքան վերլուծում եմ, այստեղ կարող ենք այլ խնդրի հետ գործ ունենալ, որ ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել: Եվ այստեղ պետական մարմինների արձագանքը պետք է լինի շատ կոշտ: Ես էլի ուզում եմ կրկնել՝ որոշ նախկին օլիգարխներ, եթե մտածում են, որ իրենք կարողանալու են էս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, իրենք սխալվում են»,- ասաց Փաշինյանը: Նա հայտարարեց, որ նորից բոլորին ուզում է զգուշացնել, բայց արդեն վերջին անգամ: «Մեր բարեկրթությունը որևէ մեկը չփորձի մեկնաբանել որպես թուլություն, որովհետև շատ դաժան հակահարված կստանա: Անձնապես, բոլորն առանց բացառության: Որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը՝ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու: Ես սա շատ ուղիղ եմ ասում և շատ հասցեական»,- ասաց Փաշինյանը: Նա իրավասու մարմիններին հանձնարարեց շատ արագ արձագանքել այս իրավիճակին, գտնել ու շատ խիստ պատժի ենթարկել այն տնտեսվարողներին, ովքեր այս իրավիճակում փորձում են որոշակի մանիպուլյացիաներ անել: «Եվս մեկ բան, պարոն Անանյան: Ստվերի դեմ պայքարում մենք կոմպրոմիս չունենք: Չլինի Հայաստանում գազալցակայան, որը ՀԴՄ չխփի, ուղղակի չլինի այդպիսի գազալցակայան: Եթե պետք է այնպես լինի, որ գազալցակայանները ՀԴՄ խփեն ու սնանկանան, չնայած այդպիսի բան հնարավոր չէ, ուրեմն թող սնանկանան: Ապօրինի, ժողովրդի ու պետության հաշվին հարստացող մարդիկ Հայաստանում չեն լինելու»,-ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր