Մեկ տարի առաջ՝ Դավիթաշենի կամրջից մոր եւ դստեր նետվելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթն անցած շաբաթ կասեցվել է:
Այս մասին armtimes.com-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի
դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա ասաց, որ քրեական գործի վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 1-ին կետի 1-ին մասի հիմքով (հայտնի չէ անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ):
Սահմռկեցուցիչ դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականի փետրվարի 13-ին. 37-ամյա Գայանե Հարությունյանը 9-ամյա դստեր՝ Անահիտի հետ նետվել էր կամրջից: Մինչ դեպքի մասին հայտնի լինելը նույն օրը՝ փետրվարի 13-ին, ժամը 22:25-ի սահմաններում մի քաղաքացի զանգահարել էր ոստիկանություն եւ հայտնել մոր եւ դստեր կորելու մասին: Ապա ժամեր անց ոստիկանության Մաշտոցի բաժին են գնացել Գայանե Հարությունյանի ծնողները: Մոր եւ դստեր դիերը հայտնաբերվել են երեք օր հետո՝ 2018 թվականի փետրվարի 15-ին՝ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում։
Ըստ դիակների դատաբժշկական փորձաքննության արդյունքների՝ մոր եւ դստեր մահը վրա է հասել ընկնելուց հետո՝ բազմաթիվ վնասվածքներից:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին (դիտավորյալ սպանություն) մասի հատկանիշներով եւ 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը)։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում