Այսoր՝ մարտի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի Աճառյան փողոցում, գրում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22:00-ի սահմաններում, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, և թողնելով անօգնական, դիմել փախուստի: Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Մինչ դեպքի վայրում քննիչները տեղազննություն էին կատարում, Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը Երևանի ՃՈ պետ Ա. Հակոբյանին տեղեկացրեց, որ մի քաղաքացի ահազանգել է Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ վրաերթն ինքն է կատարել, իր կողմից վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով և ավտոմեքենան գտնվում է ավտոտնակում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Երևանի ՃՈ պետի գլխավորությամբ ոստիկանները հայտնաբերեցին նշված ավտոմեքենան, որը Nissan X-Trail մակնիշի 35 СP 115 համարանիշի է, վարորդն էլ եղել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 57-ամյա Ալեքսանդր Ֆարամազյանը: Նա տեղում ենթարկվեց սթափության փորձաքննության, պարզվեց, որ նա գտնվում է խմածության ամենաբարձր աստիճանի: Նա ոստիկաններին հայտնեց, որ ինքը խմել է դեպքից հետո, քանի որ վախեցել է և ծանր է տարել տեղի ունեցածը: Գ. Շամշյանի տեղեկություններով, քննիչ Ա. Համզոյանի որոշմամբ Ա. Ֆարամազյանը ձերբակալվել է: Ավտոմեքենան քննիչի որոշմամբ տեղափոխվում է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: