Հայաստանի Հանրապետության ընտրված նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
Արմեն Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ շնորհավորելով Արմեն Սարգսյանին՝ ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետները նշել են. «Հայաստան- ԵՄ հարաբերությունները վերջին ամիսներին մեծ առաջընթաց են գրանցել՝ 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրելով Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, եւ 2018թ. փետրվարի 21-ին՝ Եվրամիություն-Հայաստան Գործընկերության առաջնահերթությունները:
Մենք ակնկալում ենք սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ կոնկրետ ձեւ տալու այդ հանձնառություններին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա եւ առաջ մղելու մեր հավակնոտ օրագիրը»:
Նշենք, որ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ են հղել նաեւ Լատվիայի Հանրապետության նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը, Տաջիկստանի Հանրապետության Նախագահ Էմոմալի Ռահմոնը, Օմանի Սուլթանության Սուլթան Քաբուս Բեն Սայիդ ալ Սայիդը, Լաոսի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության նախագահ Բոունհենգ Վորաչիդը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր տիկին Դելֆին Օն։